Էրեբունի-Երևան 2796-ամյակը (ֆոտոռեպորտաժ)

19:40   12 հոկտեմբերի, 2014

«Էրեբունի-Երևան 2796» տոնակատարության առթիվ մայրաքաղաքի տարբեր մասերում համերգային, պարային եւ կրկեսային հետաքրքիր միջոցառումներ էին կազմակերպվել: Երեխաները, երիտասարդներն ու մեծերը ուրախությամբ նշել են Երեւանի տոնը:

Տոնական ծրագրի շրջանակներում երեխաները դիտել են տիկնիկային ներկայացումներ, մասնակցել տարբեր խաղ-մրցույթների: Մանուկները հետաքրքրությամբ հետևել են նաև քաղաքի տարբեր հատվածներով պտտվող աճպարարների հնարքներին: Միջոցառման շրջանակներում ցուցադրված կրկեսային համարները, ինչպես նաեւ հայտնի և սիրված հեքիաթների ու մուլտֆիլմերի հերոսները բարձր տրամադրություն են փոխանցել երեխաներին:

Ծրագիրը հագեցած է եղել նաև պատանի կատարողների երաժշտական համարներով:

Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի, ինչպես նաև այլ բուհերի ուսանողները Շահումյանի անվան հրապարակում մայրաքաղաքի ծննդյան օրվա առթիվ ներկայացրել են Երևանի մասին հայտնի երգեր, ինչպես նաեւ պարել ոչ պակաս տարածված մեղեդիների հնչյունների ներքո: Ի դեպ, համերգը սկսվել է մայրաքաղաքի օրհներգով: Հնչել են նաև Երևանին նվիրված նոր ստեղծագործություններ:

Երևանի 2795-րդ տարեդարձը յուրովի շնորհավորել են նաեւ մայրաքաղաքում բնակվող ազգային փոքրամասնությունները: Միջոցառմանը մասնակցել է ազգային փոքրամասնությունների 11 համայնք, այդ թվում` ռուսական, բելառուսական, ուկրաինական, լեհական, վրացական, հրեական, ասորական, քրդական, եզդիական և հունական համայնքները: Այս տարի տոնախմբությանը միացել և առանձին համարներով ներկայացել են նաև գերմանացիները:

NEWS.am STYLE-ը Ներկայացնում է ֆոտոռեպորտաժը:

Մելինե Տոնոյան



© NEWS.am STYLE