Աշխարհահռչակ մոդել Ադրիանա Կարեմբոն կայցելի Հայաստան

14:05   13 հոկտեմբերի, 2014

Ֆրանսիայի հայկական հիմնադրամի` հանուն Հայաստանի ու Ղարաբաղի բարեկեցության անցկացվող հեռախոսամարաթոնի՝ Ֆոնեթոն 2014-ի այս տարվա կնքամայրն է աշխարհահռչակ մոդել, հաղորդավարուհի ու Կարմիր խաչի դեսպան Ադրիանա Կարեմբոն:

Երկրին ավելի մոտիկից ծանոթանալու նպատակով, որին նա իր աջակցությունն է բերում իր համբավով, նվիրվածությամբ եւ առատաձեռնությամբ, Ադրիանա Կարեմբոն Հայաստան կայցելի 2014թ նոյեմբերի 15-21-ը, իր ամուսնու՝ ֆրանսիացի հայտնի գործարար, ծննդով երեւանցի Արամ Օհանյանի ուղեկցությամբ: Իրենց կեցության ընթացքում Ադրիանա Կարեմբոն եւ Արամ Օհանյանը կայցելեն այն վայրերը, որտեղ Ֆրանսիայի Հայաստան համահայկական հիմնադրամն աշխատանքներ է իրականացրել, այդ թվում Տավուշի մարզում գյուղացիական տնտեսություններն ու ոռոգման համակարգերը՝ ֆինանսավորված Օ-Դը-Սենի գլխավոր խորհրդի կողմից, ինչպես նաեւ Օշականի դպրոցը՝ ֆինանսավորված պատգամավոր Ռենե Ռուքեի ու Ալֆորվիլի քաղաքապետարանի կողմից՝ գլխավորությամբ սենատոր-քաղաքապետ Լյուկ Կարվունասի:

Այցի ընթացքում Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը նրանց կուղեկցի Տավուշի մարզ, այդպես ընդգծելով Ֆրանսիայի նվիրվածությունը Հայաստանի տնտեսական զարգացման եւ նրա քաղաքացիների բարօրության հանդեպ: Այցի շրջանակներում հյուրերը կլինեն նաեւ այն վայրերում, որտեղ Արամ Օհանյանը անցկացրել է իր մանկությունը, եւ որտեղ նրա հայրը՝ Տաքես Օհանյանը 1950-ականներին վայելել է ծանր քաշային կարգի բռնցքամարտի Հայաստանի չեմպիոն լինելու մարզական փառքը:



© NEWS.am STYLE