Ֆրանսիայում դադարեցրել են «Աննաբելի անեծքը» սարսափ ֆիլմի ցուցադրությունը

14:03   15 հոկտեմբերի, 2014

Ֆրանսիայում դադարեցրել են «Աննաբելի անեծքը» սարսափ ֆիլմի ցուցադրությունը հանդիսատեսի պսիխոզի պատճառով։ Ինչպես հայտնել է Radio France internationale-ը՝ Մարսելի, Մոնպելյեի, Ստրասբուրգի եւ Փարիզի կինոթատրոնները դադարեցրել են ֆիլմի սեանսները, քանի որ ֆիլմը դիտելու ժամանակ հանդիսատեսը սկսել է ագրեսիվ վարքագիծ ցուցաբերել՝ վիրավորելով եւ վիճելով միմյանց հետ։

Ըստ Մոնպելյեի կինոթատրոնի մենեջերի՝ «Մի քանի 14 տարեկան պատանիներ սկսել են վիրավորել իրար, իսկ ոմանք էլ միզել են նստարանների վրա։ Դեպքը, ասես, կենդանաբանական այգում է եղել»։  

Նույնը պատահել է նաեւ Ֆրանսիայի մյուս կինոթատրոններում, եւ մենեջերներն անգամ ոստիկանություն են կանչել՝ դահլիճն ազատելու համար։

Միգուցե, ֆիլմի ցուցադրությունը վերսկսվի, սակայն այս անգամ անվտանգության հատուկ աշխատակիցներ կլինեն եւ կինոթատրոնների մուտքի առաջ, եւ դահլիճում։

Ըստ դերասանուհի Ալենա Գրասսեի՝ նման երիտասարդները գալիս են իրենց «փուքսը թողելու»։ Եվ քանի որ նրանք ֆիլմին այնքան էլ լուրջ չեն վերաբերում, սա նման վայրենի վարքագծի դրսեւորման պատճառ է դառնում։



© NEWS.am STYLE