Եվա Ռիվասն` իր նոր տեսահոլովակի, հայերեն խոսելու եւ իր անվան շուրջ պտտվող ասեկոսեների մասին (ֆոտո)

21:30   15 հոկտեմբերի, 2014

Երգչուհի Եվա Ռիվասը շուտով կներկայացնի իր նոր՝ «Վերադարձ» տեսահոլովակը, որի մասին NEWS.am STYLE-ը դեռեւս օգոստոսին տեղեկացրել էր:

Հիշեցնենք, որ երգի հեղինակը  Աննա Հովներն է, տեսահոլովակի ռեժիսորը՝ Միհրան Ստեփանյանը, երգը ձայնագրվել է H-studio-ում:

«Երգը սիրո մասին է: Ինչ-որ մեծ աշխատանք չեմ ներկայացնելու: Տեսահալովակը կլինի հասարակ, քանի որ շեշտը դրված է հենց երգի իմաստի վրա: «Վերադարձ» երգի խորհուրդն է, որ մարդիկ չհուսահատվեն եւ ունենալով երկրորդ հնարավուրությունը վերադարձնեն այն, ինչը իրենցն է: Պետք չէ հուսահատվել, պետք է առաջ շարժվել»,- ասել է Եվան:

Եվա, երգի ընտրությունը ո՞ւմ մտահաղացումն է եղել:

Երգի մտահաղացումն իմն է: Ես իմ զգացմունքներն ու պատկերացումները երգի վերաբերյալ նկարագրել եմ Աննա Հովներին, եւ նա շատ ճիշտ ձեւով կարողացել է այդ ամենն արտահայտել երգի մեջ: Արդյունքում ստացվեց շատ դրական ու լուսավոր ստեղծագործություն, որը կարծում եմ՝ շատերի համար կարող է շարժիչ ուժ դառնալ, որպեսզի նրանք նոր կյանք սկսեն եւ ուղղեն գործած սխալները:

Նախորդ անգամ մեզ հետ զրույցում խոսեցիք երգի մասին՝ ասելով, որ «Վերադարձ» երգի խորհուրդն է, որ մարդիկ չհուսահատվեն եւ ունենալով երկրորդ հնարավուրությունը վերադարձնեն այն, ինչը իրենցն է:  Նման իրավիճակում դուք հայտնվե՞լ եք, որ ունենաք երկրորդ հնարավորություն եւ վերադարձնեք:

Այո՛, եղել է, բայց չեմ ցանկանում մանրամասնել:

Հայտնի մարդկանց ամեն մի աշխատանքը, քայլը միշտ արժանաանում է քննադատության: Իսկ ինչպե՞ս եք դուք վերաբերվում քննադատություններին:

Շատ սառնասրտորեն եմ քննադատություններին վերաբերվում: Իհարկե, լսում եմ բոլորի կարծիքներն ու տեսակետները, կարդում եմ մարդկանց մեկնաբանությունները, բայց իրականում այդքան էլ սրտիս մոտ չեմ ընդունում: Ու բնավ էլ պարտադիր չեմ  համարում ամեն մեկի ասածից հետո ինչ-որ փոփոխություններ անել: Իմ կյանքում կան շատ հարազատ մարդիկ, ում հետ ես խորհրդակցում եմ եւ ում տեսակետն ինձ համար շատ կարևոր ու որոշիչ դեր կարող է ունենալ: Բայց ես ինքս եմ պատասխանատու իմ արարքների համար, այնպես որ անում եմ այն, ինչ ճիշտ եմ համարում:

Ինչպես ասել է Խ. Աբովյանը «Մեկ ազգի պահողը, իրար հետ միացնողը լեզունա ու հավատը»: Համամի՞տ եք եւ դրա համար է, որ ձեր երգերը հայերեն լեզվով են:

Այո, իհարկե, համամիտ եմ: Բայց ես երգում եմ հայերեն, որովհետեւ դա ինձ մոտ ավելի լավ է ստացվում, քան ցանկացած ուրիշ լեզվով կատարումը, որովհետեւ հայերեն երգելիս ես ավելի լավ եմ զգում երգը, հուզվում եւ ուրախանում եմ, իսկ ազգը կամ ընդունում է այն, կամ չի ընդունում: Կարող եմ ասել, որ իմ բախտը բերել է՝ ինձ ընդունել են:

Շատերին է հետաքրքրում, իսկ  ինչո՞ւ առօրյայում  հայերեն չեք խոսում:

Ես, իհարկե, փորձում եմ խոսել հայերեն, բայց շատ վատ արտասանություն ունեմ, ինչի պատճառով ամաչում եմ օտար մարդկանց մոտ խոսելուց: Միայն շատ մտերիմների ու հարազատների հետ եմ փորձում շփվել հայերեն լեզվով, բայց աշխատում եմ չխոսել, որովհետեւ ինձ համար շատ ծիծաղելի է թվում: Դա շատերին դուր է գալիս, շատերը մեծ բավականություն են ստանում իմ արտասանությունը լսելիս ու ասում են, որ իզուր չեմ խոսում, որովհետեւ շատ գեղեցիկ ու հետաքրքիր արտասանություն ունեմ, բայց, այնուամենայնիվ, վախենում եմ, որ ինչ-որ սխալ կանեմ ու դա ծիծաղելի կլինի: Արդեն բավականին հասկանում եմ, երբ կողքս խոսում են: Բայց բառերը սխալ արտաբերելու՝ վախը հաղթահարել չեմ կարողանում, ինչի պատճառով էլ ինքս չեմ խոսում:

Իսկ ցանկանում եք սովորե՞լ հայերեն եւ ինչ-որ միջոցներ ձեռնարկո՞ւմ եք՝ սովորելու համար:

Իհարկե, ցանկանում եմ: Ուղղակի այս պահին խիստ գրաֆիկի եւ զբաղվածության պատճառով այն մղվել է երկրորդ պլան: Հասկանում եմ, որ դա այդքան էլ լավ չի, բայց դրան դեռ ժամանակ տրամադրել չեմ կարողանում:

Եվա, մի քանի օր առաջ լուրեր տարածվեցին, որ ձեր անունով կեղծ էջ են բացել եւ տեղադրել մերկ լուսանկարներ: Ինչ-որ միջոցներ ձեռնարկո՞ւմ եք՝ էջը փակելու համար:

Իրականաում իմ անվամբ բացված կեղծ էջերը բոլոր սոց. ցանցերում չափազանց շատ են, ավելի շատ քան իմ անձնական լուսանկարները: Եվ շատ դժվար է պայքարել, որպեսզի դրանք կարողանանք փակել: Կարծում եմ, որ ուղղակի մարդիկ պետք է խելացի գտնվեն, և երբ նման տեղեկատվություն է տարածվում, կամ լուսանկարներ են հրապարակվում, որտեղ գուցե և աղջիկը նման է ինձ ինչ-որ չափով, բայց իրականում դա ես չեմ, ընդամենը պետք է հատուկ ուշադրության չարժանացնեն նման քայլերը: Կարծում եմ այս տարբերակում ամենաճիշտ արարքը դրանք անտեսելն է:
Ես ունեմ պաշտոնական էջեր բոլոր սոց. հարթակներում, որտեղ նշված է OFFICIAL բառը, հետևաբար բոլոր նրանց, ովքեր հետաքրքրվում են իմ գործունեությամբ ու ստեղծագործական աշխատանքով, կոչ եմ անում հետևել բավականին հաճախ թարմացվող այդ էջերին:

Զրուցեց՝ Մելինե Տոնոյանը
Լուսանկարները՝ Արուսիկ Մարկոսյանի 



© NEWS.am STYLE