Ինչո՞վ է օգտակար եւ վնասակար աղը

19:15   19 հոկտեմբերի, 2014

Աղը բնական հանքային նյութ է։ Վկայություններ կան, որ աղը հայտնաբերվել է դեռեւս մ.թ.ա. 3-4 հազարամյակում Լիբիայում: Աղ ստանում են ծովի ջրից, ինչպես նաեւ հանում են երկրի ընդերքից։

Հավանաբար, շատ քիչ մթերքներ կան, որոնք անփոխարինելի են մարդու համար։ Դրանից մեկն էլ աղն է, որը ցանկացած խոհանոցի անբաժանելի մասն է կազմում, քանի որ առանց աղի ոչ մի համեղ ու անուշաբույր ուտեստ չես կարող պատրաստել (իհարկե, բացառությամբ քաղցրեղենի)։

Պետք է նշել, որ տաբեր ժամանակաշրջաններում աղին տարբեր կերպ են «վերաբերել»։Հնագույն ժամանակներում այն մի շարք այլ համեմունքների հետ միասին բավականին թանկարժեք նյութ է եղել։ Իսկ այժմ գիտնականները փորձում են ապացուցել, որ աղը վնասակար է մեր օրգանիզմի համար եւ այն անվանում «սպիտակ մահ»։

Նախ եւ առաջ չպետք է մոռանալ, որ աղն օգտագործում են պատրաստելիս, մթերքները տեւական ժամանակ պահելիս՝ որպես կոնսերվանտ։ Բացի այդ, աղն իսկապես մեզ անհրաժեշտ է օրգանիզմի նորմալ կենսագործունեության համար, քանի որ մեր օրգանիզմը ունակ չէ միայնակ արտադրել այս նյութը եւ պետք է դրսից ստանա դրա որոշակի, անհրաժեշտ քանակությունը։ Աղի պակասը կարող է առողջական մի շարք խնդիրներ ի հայտ բերել՝ թթվածնի եւ օգտակար նյութերի մատակարարման խանգարումներ, նյարդային ազդակների փոխանցման խնդիրներ, հնարավոր է նաեւ արյան ճնշման նվազում եւ երիկամների աշխատանքի խաթարում։

Սակայն մյուս կողմից պետք չէ նաեւ գերագնահատել եւ չափից շատ օգտագործել աղը, քանի որ այն կարող է նաեւ վնասակար ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա։ Չարաշահելով աղի օգտագործումը՝ օրգանիզմում հավելյալ աղ է կուտակվում, ինչից նստվածք է առաջանում հոդերում, արյան անոթների պատերին, եւ այն մի շարք հիվանդությունների առաջացման պատճառ է դառնում։

Հետեւաբար, աղը պետք է չափավոր օգտագործել՝ օրական 15գր.։

Ի դեպ, 300 գրամից ավել աղ օգտագործելու փորձը կարող է մահվան ելքով ավարտվել։

 

 

Աղբյուրը՝ medicinform.net



© NEWS.am STYLE