VARDА-ն եւ հայ հասարակության «բարոյականության» առանձնահատկությունները

21:12   20 հոկտեմբերի, 2014

Ես ատում եմ բարոյախոսներին, մասնավորապես բարոյականության՝ «քրիստոնեական կողմնակալություն» ունեցող ջատագովներին, ովքեր ինձ մոտ պարզապես զզվանք ու սրտխառնոց են առաջացնում։ Անկեղծ ասած՝ ինձ համար նույնիսկ ամենավերջին պոռնիկն ավելի հարգարժան է, քան այն սուտ բարեպաշտները, ովքեր կոկորդ պատռելով քննադատում են «մեղսավորներին» եւ քրիստոնեա բարոյախոս ձեւանում։ Բայց այս ամենի հետ մեկտեղ նրանք ինքները մոռանում են Քրիստոսի գլխավոր պատվիրաններից մեկի մասին. «Մի դատիր, որ չդատվես»։

Հերթական սրտխառնոցի նոպան ես ապրեցի՝ կարդալով «փոլ դենսի» պարուհի, մեր հայրենակցուհի VARDA-ի՝ Հայաստան ժամանելու մասին գրված նյութի մեկնաբանությունները։ Վերջիններս հիմնականում խոսում էին, որ այո, նա գեղեցիկ աղջիկ է, բայց չպետք է մոռանալ նրա «վատ», «անարժան» եւ «անբարոյական» մասնագիտության մասին, ինչպես նաեւ կոչ էին անում «նման» նյութեր չտարածել ու չգայթակղել հայ ազգին։ Եվ ընդհանրապես, պետք է ամեն առավոտ «Հայր մեր»-ով սկսել...

Նախ եւ առաջ ցանկանում եմ  «լուսավորել» մեր եղբայրներին եւ վերացնել նրանց տգիտությունը։ Փոլ դենսը, որը վերջերս արդեն մարզաձեւի կարգավիճակ է ստացել, ոչ մի կապ չունի այն տարածված եւ ինչպես այստեղ են սիրում ասել՝ սանձարձակության տարածման հետ։ Չնայած այս սպորտաձեւը ծագել է մերկապարից՝ այժմ այն ոչ մի կապ չունի դրա հետ։ Փոլ դենսը պարերի, ակրոբատիկ շարժումների եւ գեղարվեստական մարմնամարզության միաձուլումն է։ Այն կատարում են ձողի վրա (մեկ կամ երկու), իսկ պարուհին սպորտային լողազգեստով է։ Եվ եթե այս սպորտաձեւը կամ պարի տեսակը ոմանց մոտ էրոտիկ մտքեր ու գայթակղություն է առաջացնում, ապա դա իրենց խնդիրն է, եւ այստեղ ոչ մի անբարոյականություն չկա։ Ավելին, եթե առաջնորդվենք այդ կեղծ բարեպաշտների տրամաբանությամբ, ապա բռնցքամարտը նույնպես պետք է արգելել. բավականին հակաքրիստոնեական սպորտաձեւ, որտեղ «մյուս այտն էլ դեմ տալու» պատվիրանը խախտվում է եւ ագրեսիա ու բռնության ծարավ է քարոզվում...

Այո, նա մերկապարուհի է եղել, եւ ի՞նչ. իսկ ո՞վ է անմեղ, թող հենց առաջինը նա ինձ քարկոծի։ Իսկ ահա Քիմ Քարդաշյանն այնպիսի արարք է կատարել, որ ազգային արժեքների համար պայքարող հայերը համարում են, որ նա հայ կոչվելու իրավունք եւ արժանիքներ չունի, քանի որ օրալ սեքսը չի համապատասխանում «ճիշտ» եւ «բարոյական» հայկական սեքսի մասին ունեցած նրանց պատկերացումներին։

Խնդիրը այն է, որ դուք քարկոծելու վարպետ եք։ Դե եթե այդպես է, ուրեմն պետք է նաեւ քարկոծել Մարիամ Մագդաղենացուն, չէ՞ որ նա կթվորուհի չէր։ Դուք մշտապես մեծ սիրով, հաճույքով եւ եռանդով եք քննադատում մյուսներին՝ համարելով ձեզ անմեղ. մի՞թե միայն այն բանի համար, որ ձեր կուրծքը չեք մերկացրել այլ տղամարդկանց առաջ։ Ամոթ է, մի ծիծաղեցրեք ինձ։ Բոլոր նրանք, ովքեր  բարձրաձայն գոռում են բարոյականության, դրա անկման, ազգային արժեքների սպառնալիքի մասին եւ ամեն ինչում միայն չարիք, ցանկասիրություն ու մեղք են տեսնում, հենց նրանք են ամենամեծ մեղսավորները եւ հենց նրանց են առաջինը պատասխանատվության ենթարկելու Ահեղ դատաստանի օրը... որովհետեւ հարգելիներս, մի դատեք, որ չդատվեք...

 

Ալեքս Ալիխանյան 



© NEWS.am STYLE