Ի՞նչն է դրդել VARDA-ին գումար վաստակել պարի միջոցով

14:38   20 հոկտեմբերի, 2014

NEWS.am STYLE-ն արդեն տեղեկացրել է, որ երեկ՝ հոկտեմբերի 19-ին, Երեւանում գտնվող հայտնի պարուհի եւ երգչուհի VARDA-ն հանդիպում է ունեցել իր երկրպագուների հետ: Պոլդենսի աշխարհի չեմպիոնուհին զրուցել է նրանց հետ, լուսանկարվել եւ ինքանգիր բաժանել: Գեղեցկուհի պարուհին պատասխանել է նաեւ լրագրողների հարցերին: Անդրադառնալով պարուհի դառնալու որոշմանը, VARDA-ն ասել է, որ հատուկ չի ընտրել այդ մասնագիտությունը:

«Գիտեք, հատուկ ոչինչ չեմ արել: Պարզապես, ինչպես յուրաքանչյուր դեռահաս, ես էլ մտածել եմ գումար վաստակելու միջոցների մասին, որպեսզի օգնեմ ընտանիքիս եւ հոգամ իմ կարիքները: Ես հասկացա, որ դա գնալով լրջանում է, երբ գրանցեցի իմ առաջին հաջողությունները: Ես ստացել եմ ռեժիսորի կրթություն, եւ այն ամենն, ինչ սովորել եմ ինստիտուտում՝ բեմական ռեժիսուրա, խորեոգրոֆիա եւ այլն, այժմ կիրառում եմ իմ շոուներում»: 

Իսկ ինչպե՞ս պարուհին որոշեց երգել: 

«Վոկալով զբաղվել եմ դպրոցում, այնուհետ, երբ ծնողներս ինձ դաշնամուր նվիրեցին, որոշեցի ավելի խորը զբաղվել երաժշտությամբ: Սկսեցի պարապել, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով դադարեցի, այնուհետ սկսեցի գումար վաստակել պարելով: Ես հաճախ կատակում եմ, որ ստիպված եմ եղել շատ պարել, որպեսզի կարողանամ երգել, եւ  այսօր իմ վաստակած գումարի շնորհիվ ես հնարավորություն ունեմ այլ բաներով զբաղվելու»,-պատասխանեց VARDA-ն:

Խոսելով պոլդենսի մասին, VARDA-ն ասաց, որ իր համար դա առաջին հերթին արվեստ է:

«Պոլդեսնի տարբեր ճյուղեր կան՝ արտիստիկ, սպորտային: Ինձ համար կարեւոր է նաեւ էսթետիկ մասը, այդ պատճառով ես դա ընդունում եմ որպես արվեստ, ոչ թե սպորտաձեւ»,-նշեց նա՝ հավելելով, որ կցանկանար զարգացնել պոլդենսի իր դպրոցը եւ մասնաճյուղեր բացել Ռուսաստանում, Ուկրաինայում, Հայաստանում, որպեսզի օգներ կանանց շատ ինքնավստահություն ձեռք բերել:

Անդրադառնալով իր ապագա ծրագրերին, պարուհին ասաց, որ շատ առաջարկներ ունի ինչպես Երեւանից, այնպես էլ Մոսկվայից, սակայն դրանք առայժմ բանակցությունների փուլում են: Ի դեպ, VARDA-ն վերջերս նկարահանվել է «Երեկոյան Ուրգանտ» ծրագրում եւ միգուցե այնտեղ հատուկ խորագիր վարի: 



© NEWS.am STYLE