Մսով եւ կարտոֆիլով թխվածքաճաշ. բաղադրատոմս

20:09   24 հոկտեմբերի, 2014

Հավանաբար բոլոր տնային տնտեսուհիներն էլ ցանկանում են, որ իրենց պատրաստած ճաշատեսակները ոչ միայն համեղ, այլեւ անուշաբույր ստացվեն. նախընտրելի է՝ ոչ յուղալի։ Մսով եւ կարտոֆիլով թխվածքաճաշն ունի այդ բոլոր յուրահատկությունները։ Ի դեպ, մսի փոխարեն կարելի է օգտագործել նաեւ ձուկ կամ բանջարեղենի այլ տեսակներ. կարող եք վերցնել մեկ կամ մի քանի բաղադրիչ։ Այդպիսով, առաջարկում ենք մի բաղադրատոմս, որի օգնությամբ ձեզ կհաջողվի եւ համեղ, եւ հագեցնող, եւ անուշաբույր ուտեստ պատրաստել։

Պատրաստման համար անհրաժեշտ է. 400-500գր.տավարի կամ խոզի միս, 6-8 կարտոֆիլ (միջին չափի), թարմ շամպինիոն սունկ, մեկ մեծ լոլիկ, մեկ բուլղարական պղպեղ, մեկ սոխ (մեծ), 4-5 պճեղ սխտոր, սոյայի սոուս, աղ, պղպեղ, անուշաբույր համեմունքներ։

Պատրաստման եղանակը շատ հեշտ է ու պարզ։Նախ եւ առաջ պետք է միսը լվանալ, մանր կտորներով կտրատել եւ լցնել խորը կաթսայի մեջ։ Այնուհետեւ կաթսայի մեջ անհրաժեշտ է լցնել կիսալուսնաձեւ մանրացված սոխը, սխտորը, կտրատած լոլիկը եւ բուլղարական պղպեղը։ Նույն զանգվածի մեջ պետք է խառնել նաեւ լվացված եւ երկու մասի բաժանված շամպինիոն սունկը։ Արդեն կարելի է ավելացնել սոյայի սոուսը, աղն ու պղպեղը, ինչպես նաեւ մյուս համեմունքները (ըստ ճաշակի)։ Այս ամենը մի լավ խառնելուց հետո, պետք է թողնել մոտ կես ժամ։

Հաջորդ քայլով անհրաժեշտ է քառակուսու ձեւով կտրատել կարտոֆիլը, լցնել մսով եւ բանջարեղենով լի կաթսայի մեջ ու դնել 180 աստիճան ջերմաստիճանով տաքացրած ջեռոց եւ եփել մոտ մեկ ժամ (կամ մի քիչ ավելի)։

Ուտեստը պատրաստ է։ Մատուցելիս կարող եք կանաչի ավելացնել։

Բարի ախորժակ


Աղբյուրը՝ super-bluda.ru



© NEWS.am STYLE