«Հայերենը մեզ համար ծառայում է որպես գաղտնի լեզու». Ադրիանա Կարեմբո

16:45   20 հոկտեմբերի, 2014

Աշխարհահռչակ մոդել, «Ֆոնեթոն 2014»-ի կնքամայր Ադրիանա Կարեմբոն, ով աշխարհում հայտնի է որպես ամենաերկար ոտքերն ունեցող մոդել, Հայաստանում է։ Իր ամուսնու՝ ֆրանսիահայ գործարար Արամ Օհանյանի հետ գեղեցկուհի մոդելը շրջել է Հայաստանով, եղել Տավուշի մարզում։ Հայաստանից ստացած իր տպավորությունների, ինչպես նաեւ «Ֆոնեթոն 2014»-ի մասին Ադրիանան այսօր խոսեց լրգարողների հետ կայացած հանդիպման ժամանակ։

Ադրիանա Կարեմբոն ծնվել է Չեխասլովակիայում։ Լինելով խորհրդային նախկին պետության ներկայացուցիչ, գեղեցկուհին ընդհանրություններ է տեսնում Սլովակիայի եւ մեր երկրի հետ։ Մինչ հայի հետ ամուսնանալը, շատ քիչ բան գիտեր Հայաստանի մասին, իսկ այժմ նույնիսկ հայերեն որոշ բառեր գիտի։

Պատասխանելով NEWS.am Style-ի հարցին, թե այս ընթացքում ինչ հայերեն բառեր է սովորել, Ադրիանան նշեց «ապեր ջանը», այնուհետ պայուսակից հանեց եւ ցույց տվեց իր կողմից կազմված հայերեն բառերի փոքրիկ գրքույկը։

«Հայերենը մեզ համար ծառայում է որպես գաղտնի լեզու, բայց այստեղ չենք կարողանում խոսել, բոլորը մեզ կհասկանան»,-կատակեց մոդելը։

Ադրիանա Կարեմբոն եւ Արամ Օհանյանը տարիներ առաջ հանդիպել են Մարաքեշի ռեստորաններից մեկում։ Ադրիանան ռեստորան էր գնացել Ալեն Դելոնի հետ։ «Այդպես ծանոթացա եւ միանգամից սիրահարվեցի։ Իսկ նա սիրահարվեց ինձ միայն այն ժամանակ, երբ իմացավ, որ հայ եմ»,-կատակեց  պարոն Օհանյանը։

Նա նշեց նաեւ, որ հաճելի հիշողություններ է վերապրել Հայաստան այցելելով։ Անդրադառնալով Տավուշ կատարած այցելությանը, Ադրիանա Կարեմբոն նշեց, որ այնտեղի մարդիկ շատ դժվար պայմաններում են ապրում, եւ սեփական աչքերով տեսնելով դա, այժմ առավել մեծ ջանքեր կգործադրի եւ ամեն ինչ կանի, որպեսզի «Ֆոնեթոն 2014»-ին որքան հնարավոր է շատ գումար հավաքվի։

«Չնայած նրան, որ Ֆրանսիայում այժմ ճգնաժամ է, մինեւնույն է՝ ամեն ինչ կանեմ, որպեսզի համոզեմ բոլորին նվիրատվություն կատարել»,-ասաց նա։

Պատասխանելով հարցին, թե գեղեցկությունը որքանո՞վ է օգնում բարեգործական հարցերում, մոդելն անկեղծորեն նշեց.

«Ցավով եմ նշում, բայց դա իրականություն է՝ եթե գեղեցիկ չլինեի, այստեղ չէի լինի։ Արդեն 15 տարի է՝ համագործակցում եմ Կարմիր խաչի հետ, եւ իմ գլխավոր դերը ուշադրություն գրավելն է։ Լավ չէ դրա մասին ասելը, բայց դա այդպես է։

Բարեգործությունը լրագրողներին այդքան էլ հետաքրքիր չէ, բայց ես իմ գեղեցկությամբ կարողանում եմ հետաքրքրություն առաջացնել դրա շուրջ։ Երբ համբավ ունես, քեզ ավելի շատ են խոսք տալիս, եւ ես ուզում եմ իմ համբավը ծառայեցնել բարի նպատակներին»։

Տեքստը եւ լուսանկարները՝ Շուշան Շատիկյանի



© NEWS.am STYLE