«Ուղեգիր» դեպի Պորտուգալիա հայ երիտասարդների համար (մաս I)

21:04   23 հոկտեմբերի, 2014

Երիտասարդություն. կյանքի հիանալի ու գեղեցիկ մի ժամանակահատված, որի ամեն վայրկյանը պետք է վայելել ու հաճույք ստանալ: Սակայն երիտասարդությունը միայն անհոգ եւ ուրախ օրերը չեն: Այն նաեւ մի շրջան է, երբ պետք է կրթվել, զարգանալ, ձեւավորվել որպես մարդ, կայանալ որպես անհատ: Շտապեմ ասել՝ չեմ պատրաստվում բարոյախրատական դասեր տալ որեւէ մեկին, այլ փորձելու եմ ներկայացնել, թե ինչպես կարելի է համատեղել այս՝ մեկը մյուսից ոչ պակաս կարեւոր կետերը կամ ինչպես ասում են՝ հաճելին համատեղել օգտակարի հետ:

Եվրոմիության կողմից մշակված «Երիտասարդությունը շարժման մեջ» («Youth in Action») ծրագիրը, որի մեկնարկը տրվել է դեռեւս 2007թ-ին եւ շարունակվել մինչեւ 2013թ, լայն հնարավորություններ ու մեծ դռներ է բացել բազմահազար երիտասարդների առաջ: Ի ուրախություն բոլոր երիտասարդների՝ 2014թ-ին ծրագիրը շարունակվեց, բայց այժմ արդեն «Erasmus +» անվամբ: Ճիշտ է, «Erasmus +»-ը որոշ դրույթներով տարբերվում է «Youth in Action»-ից, բայց նրա հիմնական նպատակը մնացել է նույնը՝ ոչ ֆորմալ կրթության միջոցով զարգացնել երիտասարդների ունակություններն ու հմտությունները, ընդլայնել նրանց մտահորիզոնն ու աշխարհայացքը, բարձրացնել ինտելեկտի մակարդակը, խրախուսել երիտասարդների առաջին քայլերն ու հասարակական ակտիվությունը: Եվ ինչպես նշեցի՝ այս ամենն իրականցվում է ոչ ֆորմալ կրթության, այսինքն՝ դասընթացների, երիտասարդների փոխանակման ծրագրերի միջոցով, առանց ուսումնական պլանների, գնահատականների, առանց անհետաքրքիր ու ձանձրալի առարկաների եւ ամենակարեւորը՝ խիստ ու իրենց կարծիքը պարտադրող ուսուցիչների կամ դասախոսների: Դրանց փոխարինելու են գալիս ընտրված թեմայի քննարկումը, կարծիքների ազատ արտահայտումը, տեսակետների փոխանակումը, նոր գաղափարների ու առաջարկների իրականացումը եւ այլն: Սակայն դրական հատկանիշներն այսքանով չեն սահմանափակվում. այսպիսի ծրագրերն անցկացվում են գեղեցիկ միջավայրում, ընկերական մթնոլորտում եւ ինչու ոչ՝ հաճելի երգերի ու պարերի ուղեկցությամբ: Դե ինչ, հետաքրքե՞ց. ուրեմն շարունակեք ընթերցել եւ ծանոթանալ, թե ինչպես ես դարձա այս ամենի մի մասնիկը եւ վայելեցի ինձ ընձեռնված հնարավորությունը:

Օգոստոս ամսին ես որոշեցի «օգտվել» իմ երիտասարդ տարիքից եւ դիմել մի ծրագրի: Համացանցում տեսնելով Դիլիջանի երիտասարդների համագործակցություն կենտրոն (Youth Cooperation Centre of Dilijan) ՀԿ-ի հայտարարությունն առ այն, որ սեպտեմբերի 15-23 Պորտուգալիայում կայանալիք “Less Smoking, More Thinking” («Ավելի քիչ ծխել եւ ավելի շատ մտածել»)երիտասարդական փոխանակմանը մասնակցելու համար կարող են դիմել 18-34 տարեկան, Հայաստանի հանրապետության քաղաքացիներ, ովքեր ունեն անգլերեն լեզվի բավարար գիտելիքներ (սա կարեւոր պայման է, քանի որ նման դասընթացների աշխատանքային լեզուն անգլերենն է) եւ ունենալով մեծ ցանկություն՝ որոշեցի լրացնել դիմում-հայտը: Ի դեպ, այս կազմակերպությունը մշտապես նոր հայտարարություններ է տեղադրում համացանցում, որոնց կարող եք ծանոթանալ՝ այցելելով կազմակերպության ֆեյսբուքյան էջը կամ www.yccd.am:

Քանի որ մասնակիցներն ընտրվում են համաձայն իրենց ուղարկած դիմում-հայտի եւ հասարակական ակտիվ գործունեության, հետեւաբար պետք է մեծ ուշադրությամբ եւ խնամքով լրացնել դիմում-հայտը ու սպասել արդյունքներին: Հավատացեք, աննկարագրելի է այն բերկրանքը, երբ հասկանում ես, որ հարյուրավոր հայտերի շարքից ընտրվել է հենց քոնը, եւ հարյուրավոր մարդկանցից մասնակցության հրավերը ստացել ես հենց դու: Այսպիսով, ստանալով մասնակցության հրավերը՝ ես եւ եւս չորս երիտասարդներ հանդիպեցինք Դիլիջանի Երիտասարդների Համագործակցության Կենտրոնում (ԴԵՀԿ)՝ միմյանց հետ ծանոթանալու եւ համախմբված թիմ ձեւավորելու համար: Նախ եւ առաջ մենք ունեինք մեկ հստակ առաջադրանք՝ ներկայացնել Հայաստանում ծխողների, ծխախոտի օգտագործման, դրա վաճառքի մասին վկայող վիճակագրական տվյալներ, խոսել այս ոլորտում առկա խնդիրների ու կատարված բարեփոխումների մասին: Երկրորդ՝ քանի որ նման երիտասարդական ծրագրերի ժամանակ մասնակից երկրները պետք է նաեւ ներկայացնեն իրենց մշակույթը, ավանդույթները, ազգային երգերն ու պարերը, որոշեցինք, թե հայկական խոհանոցին բնորոշ ինչ ուտեստներ ու աղանդեր պետք է գնել, ինչ երաժշտություն ընտրել, ազգային ինչ հագուստներ ներկայացնել եւ այլն: Իսկ ամենավերջում խոսեցինք անհրաժեշտ փաստաթղթերի մասին: Պետք է նշեմ, որ այս ամենը բավականին աշխատատար ու երկար գործընթաց է, բայց քանի որ մեր թիմի առաջնորդը՝ ԴԵՀԿ-ի հիմնադիր Արթուր Ղազարյանը, շատ ճիշտ ու գրագետ կազմակերպեց ամեն ինչ, մենք, ոչ մի խնդրի առաջ չկանգնեցինք: Ուստի, մենք արդեն պատրաստ էինք մեկնել Պորտուգալիա:

Առաջ դեպի Պորտուգալիա...  

 

Դ. Հովհաննիսյան



© NEWS.am STYLE