«Ինձ համար շատ վախենալու է ստեղծագործել այդ սահմանագծի վրա». Սոս Ջանիբեկյան

16:53   21 հոկտեմբերի, 2014

Ինչպես NEWS.am STYLE-ն արդեն տեղեկացրել է, Media.CO Films ընկերությունը Շարմ Հոլդինգի աջակցությամբ նկարահանել է «Ուրիշի փոխարեն» նոր, կատակերգական ֆիլմը, որի ռեժիսորը Հրանտ Երիցկինյանն է, իսկ գլխավոր դերերում հանդես են եկել Հովհաննես Ազոյանը, Թամարա Պետրոսյանը, Վահագն Գալստյանը, Սաթի Ջանիբեկյանը եւ Սոս Ջանիբեկյանը: Վերջինիս հետ ներկայացնում ենք հարցազրույց՝ ֆիլմում իր խաղացած դերի մասին:

Ի՞նչ սկզբունքով ես համաձայնվում այս կամ այն դերին և ինչպե՞ս ստացվեց «Ուրիշի փոխարեն»-ը Հրանտի հետ:

Չունեմ հատուկ կարծրացած սկզբունքներ, որոնցով միշտ շարժվում եմ: Յուրաքանչյուր առաջարկի մոտենում եմ իր տեսանկյունից: Միանշանակ հոնորարից, գովազդից և այլ բաներից առաջ կարևոր է իմ դերը, հետո՝ ֆիլմի որակը, որովհետև կինոն ինձ համար թիմային արվեստ է:

Հրանտի դեպքում մեկ այլ գայթակղություն էլ կար. նա ասաց, որ այս դերում ի սկզբանե հենց ինձ է տեսել: Եվս մի հանգամանք. ճանաչելով Հրանտ Երիցկինյանի մարդկային տեսակն ու ծանոթ լինելով ճաշակին՝ չէի կարող բաց թողնել նրա դեբյուտում խաղալու հնարավորությունը:

 

Ո՞րն է այս ֆիլմի մեխը:  

Նուրբ հումորը: Ինձ համար կատակերգության մեջ ամենակարևորը դրության հումորն է, այսինքն՝ ես մարդուն չեմ ծիծաղեցնի՝ ծիծաղելի բան անելով: Գրոտեսքային ժանրից դեպի տնազ մի քայլ է, ինձ համար շատ վախենալու է ստեղծագործել այդ սահմանագծի վրա:

Ինքս ֆիլմը դեռ չեմ տեսել, բայց դատելով սցենարից, կարող եմ հստակ ասել, որ հանդիսատեսը կվայելի կիրթ հումոր:

Ինչո՞վ են նման Սոսը և Արսենը, բացի այն, որ երկուսն էլ ամուսնացած չեն և մեծ հաջողություն են վայելում գեղեցիկ սեռի ներկայացուցիչների մոտ:

Շատ չեն տարբերվում, հատկապես, որ երկուսին էլ մշտապես հարցնում են՝ երբ ես ամուսնանալու (ծիծաղում է). Արսենը, կարելի է ասել, իմ դրսևորումներից մեկն է, և եթե ես հայտնվեի նմանատիպ իրավիճակներում, երևի կլինեի հենց այդպիսին:

Առհասարակ, իմ բոլոր կերտած կերպարներում ես փորձում եմ ոչ թե վերամարմնավորել արտաքին դրսևորումները, այլ ներկայացնել տվյալ կերպարի մտածելակերպն ու աշխարհայացքը:

Հիշեցնենք, որ ֆիլմը մեծ էկրան կբարձրանա նոյեմբերի 6-ին:



© NEWS.am STYLE