Սոնա Ռուբենյանի եւ «The Beautified Project»-ի «սպասման» մասին

20:30   21 հոկտեմբերի, 2014

Երգչուհի Սոնա Ռուբենյանը եւ «The Beautified Project» խումբը հոկտեմբերի 22-ին համացանցում կներկայացնեն իրենց նոր՝ «Wait» տեսահոլովակը:

«Երգի հեղինակը «The Beautified Project»-ի վոկալիստ Անդրե Սիմոնյանն է: Նա երգը գրել է մոտ 10 տարի առաջ՝ 2004 թվականին: Նրա խոսքով՝ նա միշտ ման է եկել այն մարդուն, ում հետ կկատարի այդ երգը: Երգը սպասման մասին է: Շատ գեղեցիկ երգ է եւ շատ ուրախ եմ, որ «The Beautified Project»-ի հետ ունեցա դուետ»,- NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասաց Սոնան՝ ավելացնելով. «Երգը լսել եմ ուրիշի կատարմամբ, քանի որ պետք է սովորեի մեղեդին, եւ շատ դուրս եկավ: Իսկ երբ ես կատարեցի այն, այդ ժամանակ նոր համոզվեցի, որ երգը իմն է եւ ավելի շատ սիրեցի»:

Երգչուհին ռոք խմբի երկրպագուներից է եղել, նա շատ է սիրել նրանց բոլոր կատարումները, եւ երբ ստացել է առաջարկը, մեծ սիրով ընդունել է:
«Շատ հեշտ է աշխատել «The Beautified Project»-ի հետ: Նրանք, բացի լավ երաժիշտներ լինելուց, նաեւ լավ մարդիկ են, ինչը շատ է հեշտացնում աշխատանքը: Առաջարկը եղել է Անդրե Սիմոնյանի կողմից: «Սուպերսթար» նախագծի ավարտից հետո մասնակցեցի նրանց մի համերգին, որտեղ միասին կատարեցինք այս երգը: Եվ դրանից հետո նրանց բոլոր համերգներին միշտ ներկայանում էինք դուետով: Եվ երբ հասկացանք, որ հասունացել է պահը, երգը ձայնագրեցինք եւ որոշեցինք տեսահոլովակ նկարել»,- նշեց Սոնան:

Տեսահոլովակի ռեժիսորը Ռենե Բամբան է, ով առաջին անգամը չէ, որ աշխատում է «The Beautified Project»-ի հետ: Նա նկարել է վերջիններիս «All alone» տեսահոլովակը: Իսկ «Wait» տեսահոլովակի համար նա հատուկ ժամանել էր Հայաստան:

«Ինչ-որ հատուկ սյուժե չունի տեսահոլովակը, այն պարզապես աշխատանքային իրավիճակ է՝ թեթեւ գեղեցիկ տեսահոլովակ է: Շատ կարճ ժամանակահատվածում ենք նկարել տեսահոլովակը: Եթե աշխատում ես պրոֆեսիոնալների հետ, ապա կարողանում ես կարճ ժամանակահատվածում էլ ստանալ այն, ինչ սպասում ես»,- ասաց երգչուհին:

Սոնան նշեց նաեւ.  «Առաջիկայում, կարծում եմ, «The Beautified Project»-ի հետ համագործակցություններ էլի կլինեն, քանի որ նրանց շատ-շատ եմ սիրում: Իսկ ես պատրաստվում եմ դեկտեմբերին ներկայանալ մենահամերգով: Ճիշտ է, ինչ-որ մանրամասներ չեմ կարող ասել, քանի որ ունեմ մի քանի մտահաղացումներ, որոնք դեռ հստակեցված չեն: Համերգը հատուկ ինչ-որ խորագիր չունի, բայց եթե հաջողվի, այն կկայանա հենց իմ ծննդյանօրը՝ դեկտեմբերի 14-ին, եւ կանվանեմ «21»»:

Զրուցեց՝ Մելինե Տոնոյանը



© NEWS.am STYLE