«Կատեգորիկ համաձայն չեմ, որ կյանքը բեմ է, մարդիկ՝ դերասան». Անի Պետրոսյան

20:35   22 հոկտեմբերի, 2014

Վերջին շրջանում դերասանուհի Անի Պետրոսյանին ավելի հաճախ տեսնում ենք թատրոնում, քան հեռուստաեթերում: NEWS.am STYLE-ը զրուցել է դերասանուհու հետ իր գործունեության մասին:

Անի,  հեռուստաեթերով Ձեզ չենք տեսնում: Կպատմեք՝ ինչո՞վ եք հիմա զբաղվում եւ առաջիկայում ի՞նչ նոր ծրագրեր ունեք:

Թատրոնում ծանր գրաֆիկ ունենալու պատճառով որոշ ժամանակ դադար էի վերցրել: Բայց շարունակելու եմ նկարահանումներս: Այժմ նկարահանվում եմ «Ամնեզիա» հեռուստասերիալում:

Թատրո՞ն, թե կինո: Ո՞րն է ավելի հոգեհարազատ Ձեզ եւ որտե՞ղ է ավելի հեշտ խաղալ:

Ե՛ւ թատրոնը, ե՛ւ կինոն էլ ունեն իրենց բարդությունները, բայց իրական կախարդանքը թատրոնում է՝ բեմի վրա:

Երբեւէ եղե՞լ է, որ Ձեզ տան այնպիսի դեր, որ չեք ցանկացել մարմնավորել կամ այն չի ստացվել Ձեզ մոտ:

Ոչ, այդպիսի դեպք դեռեւս չի պատահել: Ես բոլոր դերերս էլ սիրում եմ: Դերը որ չսիրես, քեզանից կնեղանա եւ լավ չի ստացվի:

Ձեր խաղացած ամենահետաքրքիր դերը:

Իմ բոլոր դերերն էլ ամենալավն են: Յուրաքանչյուր դեր իր առավելություններն ու առանձին տեղն ունի ինձ համար։ Ինչպես է, որ ծնողները չեն կողմնորաշվում, թե որ երեխային են շատ սիրում, այդպես էլ ինձ մոտ է:

Ստեղծագործությունները շատ մարդկանց մոտ կարող են փոխել անգամ իրենց էությունը: Կա՞ այնպիսի մի գործ, որը փոխել է ձեզ:

Այո, երբեմն պատահել է, որ թատրոնում ինչ-որ մի փորձաշրջանում ինքս իմ մեջ փոփոխություն եմ զգացել: Դա նրանից է, որ տվյալ ժամանակահատվածում այդ դերով եմ ապրել: Օրը 4 ժամ փորձ ես անում եւ կամա, թե ակամա ապրում ես այդ կերպարի պես: Իսկ երբ դերը պատրաստ է լինում, վերադառնում ես կյանք եւ շարունակում ապրել քո կյանքով:

Ինչպիսի՞ն է Անին կյանքում՝ հեռուստաեթերից եւ բեմից դուրս:

Հասարակ մահկանացու (ժպտում է-խմբ.),բոլոր մարդկանց նման: Երբեմն ուրախ, երբեմն տխուր, երբեմն հավատով լի կամ հիասթափված, բայց միշտ հավատով լի, որ ամեն բան լավ է լինելու:

Համամի՞տ եք այն խոսքին, որ ասում են «Կյանքը բեմ է, մարդիկ դերասան»:

Կատեգորիկ համաձայն չեմ: 

Զրուցեց՝ Մելինե Տոնոյանը



© NEWS.am STYLE