Անի Լորակ. «Ֆիլիպ Կիրկորովը սիրահարված էր ինձ»

11:35   23 հոկտեմբերի, 2014

Վերջերս Ֆիլիպ Կիրկորովը ներկայացրել է իր նոր «Иллюзия»  երգի տեսահոլովակը, որտեղ նկարահանվել է նաեւ Անի Լորակը։

Վաղուց ի վեր լուրեր էին պտտվում այս արտիստների սիրավեպի մասին. դեռեւս «Եվրատեսիլ 2008»-ի ժամանակ Անի Լորակը Կիրկորովի աջակցությամբ կարող էր անգամ հաղթել Դիմա Բիլանին։  

Այժմ, երբ երգիչը ներկայացրել է իր նոր տեսահոլովակը, Լորակն անկեղծորեն պատմել է լրագրողներին իր եւ Ֆիլիպի հարաբերությունների մասին։ Ըստ երգչուհու՝ Ֆիլիպը սիրահարված է եղել նրան։

Ի դեպ, տեսահոլովակը մեծ հետաքրքրություն է առաջացրել ու լայն տարածում գտել հեռուստադիտողների շրջանում՝ շնորհիվ Ֆիլիպի եւ Լորակի մասնակցությամբ անկեղծ տեսարանների։

««Иллюзия» երգի տեսահոլովակը նկարահանել ենք «Եվրատեսիլ 2008»-ից հետո, որտեղ Ֆիլիպն իմ պրոդյուսերն էր։ Ես միշտ ասել եմ Ֆիլիպին, որ «Иллюзия»-ն հիանալի երգ է, բայց այն ժամանակ որոշեցինք եթեր չհեռարձակել այն»,- Super-ը մեջբերել է երգչուհու խոսքերը։

Նա խոստովանել է, որ տեսահոլովակում կատարվող իրադարձություններն ամբողջովին իրական են։ 2009թ-ին նա պատրաստվում էր ամուսնանալ թուրք գործարար Մուրատ Նալկակիողլու հետ, բայց նրա կյանքում անսպասելիորեն հայտնված Ֆիլիպը չէր թաքցնում, որ անտարբեր չէ Լորակի նկատմամբ։ Նույնիսկ տեսահոլովակի նկարահանումների ժամանակ համբույրի տեսարաններում Կիրկորովը չի կարողացել զսպել իրեն եւ կորցրել է ինքնատիրապետումը։

«Ամեն ինչ իրական է եղել՝ իրական զգացմունքներ, անկեղծ համբույրներ։ Նա ինձ սիրահարված էր եւ մի անգամ ասել է այդ մասին։ Մենք այնպիսի հարաբերություններ ունեինք, որ դրանց մասին խոսելու ու արտահայտվելու կարիք էլ չկար։ Այժմ դիտում ենք հոլովակը եւ Ֆիլիպն ասում է. «Որքան սիրահարված էի ես այդ ժամանակ»»։

Սակայն այս ռոմանտիկ սիրավեպը այդպես էլ չի շարունակվել. հավանաբար պատճառն այն է, որ Լորակն ընտրել է Մուրատին։



© NEWS.am STYLE