«Հայաստանի ձայն-3». «Չեմ ուզում վատ երգեմ, բայց քվեարկեն». Ռաիսա Ավանեսյան

11:47   23 հոկտեմբերի, 2014

NEWS.am STYLE-ը շարունակում է հետեւել «Հայաստանի ձայնը-3» նախագծի ընթացքին: Այս շաբաթ  կույր լսումների երրորդ օրն իր ելույթով փայլեց իրանահայ Ռաիսա Ավանեսյանը, ում հեռուստադիտողներից շատերը կհիշեն մեկ այլ երաժշտական նախագծից: NEWS.am STYLE-ը զրուցել է Ռաիսայի հետ եւ պարզել Երեւան գալու, նախագծին մասնակցելու պատճառներն ու ապագա անելիքները:  Պարզվում է՝ Ռաիսան առաջին անգամ չէ մասնակցում «Հայաստանի ձայնը» նախագծին: Նա նախորդ եթերաշրջաններին նույնպես մասնակցել է, անցել նախընտրական փուլը, սակայն ինչ-ինչ պատճառներով չի կարողացել Երեւան գալ: Սակայն այս անգամ հատուկ նախագծի համար վերջապես կարողացել է վերադառնալ Հայրենիք:

Ողջույն, Ռաիսա: Պատմիր, խնդրում եմ, ինչո՞վ ես զբաղված Թեհրանում:

Աշխատում եմ, երգում եմ հայկական համայնքներում, նաեւ դասավանդում եմ:

Ի՞նչ ակնկալիքներով էիր մասնակցում «Հայաստանի ձայնին»: Սպասու՞մ էիր, որ կանցնես:

Չեմ կարող ասել՝ սպասում էի, թե ոչ, որովհետեւ ամեն բան կարող էր լիներ, օրինակ՝ ձայնս կտրվեր եւ այլն: Հույս ունեի, որ մարզիչներից գոնե մեկը կպտտվի, բայց որ չորսը կպտտվեն, չէի սպասում:

Ինչու՞ ընտրեցիր Սոնային եւ մինչ այդ ծանո՞թ էիր նրան:

Մինչ այդ նրա հետ ծանոթ չէի, բայց շատ հավանում էի իր իր ոճը, ձայնը, իր հետ նմանություն ունենք: Անգամ Սոնան ինձ ասում է, որ ես իրեն իր երիտասարդությունն եմ հիշեցնում: Շատ սիրում եմ իրեն, նա բոլորիս հետ մանրակրկիտ աշխատում է, վերաբերում է ինչպես իր երեխաներին: Ինձ թվում է՝ իր հետ ես ավելի հեշտ կաշխատեմ: Շատ բան եմ իրենից սովորել եւ վստահ եմ, որ դեռ կսովորեմ:

Ի՞նչ արձագանքներ ես լսել ելույթիցդ հետո, քեզ հիշե՞լ են կամ ճանաչել:

Լավ կարծքիքներ եմ լսել ելույթիս եւ նաեւ արտաքին տեսքիս փոփոխության վերաբերյալ: Չէի սպասում, որ կհիշեն ու կճանաչեն, անգամ դեղատանն են ինձ ճանաչել: Դա շատ ողջունելի է ինձ համար: Դա ուժ է տալիս: Կարող է՝ ես չանցնեմ, բայց կարեւոր է, որ ինձ լավ կերպով հիշեն:

Ի դեպ, եթե չանցնես, ի՞նչ կանես:

Հաղթանակը, իհարկե, կարեւոր է, բայց ես հաղթանակի համար չեմ եկել: Իմ երազանքն է Երեւանում ապրելը, բայց դեռեւս 4-5 տարի առաջ ես չէի կարողանում այստեղ աշխատանք գտնել: Եթե աշխատանք ունենամ երգարվեստում ինձ համապատասխան, ապա կտեղափոխվեմ այստեղ: Ինչ վերաբերում է ելույթին, ապա ես ավելի կարեւորում եմ որակյալ ելույթը, ինչը «Արմենիա» հեռուստաընկերությունը բարձր մակարդակով ապահովում է: Չեմ ուզում վատ երգեմ, բայց քվեարկեն: Պարզապես ուզում եմ երգել, իմ ձայնը լսելի դարձնել:

Ու՞մ ես համարում քեզ մրցակից կամ մասնակիցներից ո՞ւմ կառանձնացնես:

Լավ երգողներ շատ կան, բոլոր մարզիչներն էլ ուժեղ կատարողներ ունեն, բոլորին շատ հավանում եմ, բայց կառանձնացնեմ Գեորգիին: Իր ձայնը շատ հավանում եմ, նորություն է ինձ համար:

Զրուցեց՝ Շուշան Շատիկյանը



© NEWS.am STYLE