«Ուղեգիր» դեպի Պորտուգալիա հայ երիտասարդների համար (մաս II)

21:05   24 հոկտեմբերի, 2014

Առաջ դեպի Պորտուգալիա... ահա այսպես ավարտվեց իմ նախորդ հոդվածը, որտեղ ես ներկայացրեցի, թե ինչպես ինձ հաջողվեց ձեռք բերել Պորտուգալիա մեկնելու իմ «ուղեգիրը»: Այժմ կփորձեմ պատմել Պորտուգալիայում անցկացրած յոթ անմոռանալի օրերի մասին. ի դեպ, դրանք արդեն անջնջելի հիշողություն են դարձել ինձ համար, որոնք մտաբերելիս ես խորասուզվում եւ  հայտնվում եմ իմ գողտրիկ ու գեղեցիկ աշխարհում, վերապրում բոլոր հաճելի զգացմունքները եւ նույնիսկ ցանկանում հեռանալ այս իրականությունից եւ կրկին հայտնվել այնտեղ:


Պորտուգալիա հասանք ուշ երեկոյան, որտեղ մեզ դիմավորեցին եւ ուղեկցեցին դեպի Սետուբալ քաղաքի Residencial Todi հյուրանոց: Նշեմ, որ նման ծրագրերի մասնակիցները հյուրանոցի եւ սննդի համար չեն վճարում. այս ծախսերը հոգում է կազմակերպող կողմը, իսկ ավիատոմսի գումարի 70%-ը վերադարձնում են ծրագրի ավարտից հետո: Առավոտյան հանդիպեցինք Իսպանիայի, Սերբիայի, Խորվաթիայի, Պորտուգալիայի, Վրաստանի ներկայացուցիչներին, ովքեր շատ շուտով դարձան մեր ընկերները:

Գրեթե բոլոր նման ծրագրերի առաջին օրը կազմակերպում են հատուկ խաղեր՝ միմյանց հետ ծանոթանալու, մտերմանալու եւ ընկերանալու համար, որից հետո մեզ ներկայացրեցին այդ գեղեցիկ քաղաքը՝ իհարկե, կրկին խաղի միջոցով: Մեզ հանձնարարված էր մեկը մյուսի ետեւից գտնել քաղաքի տեսարժան վայրերը եւ լուսանկարվել դրանց մոտ:

Չգիտես ինչու, առաջադրանքներից մեկն էլ սետուբալցի մի ոստիկանի հետ լուսանկարվելն էր. ինչպես տեսնում եք մենք գերազանց կատարել ենք այս հանձնարարությունը:

Իհարկե, առաջադրանքը ենթադրում էր որոշակի միավորներ հավաքել եւ հաղթել, բայց քանի որ սա երիտասարդական ծրագիր էր, այստեղ հաղթողներ եւ պարտվողներ չկային. համոզված եմ՝ այս ծրագրին մասնակցելն արդեն իսկ մեծ հաղթանակ ու նվաճում էր նրանց համար:

Ինչպես տեղեկացրել էի՝ այստեղ հավաքված երիտասարդները պետք է ներկայացնեին իրենց մշակույթը եւ առաջինն այս պատվին արժանացել էր Խորվաթիան: Անկեղծ ասած՝ խորվաթական երեկոն այնքան էլ գեղեցիկ ու լավ կազմակերպված չէր, քանի որ բացի խորվաթական խմիչքներից ու քաղցրավենիքից, մենք ուրիշ ոչինչ չտեսանք ու չիմացանք Խորվաթիայի ու նրա մշակույթի մասին:

Հաջորդ օրը սկսեցինք ներկայացնել մեր կազմակերպությունները, որպեսզի ավելի հստակ ու հասկանալի լինի, թե ինչ գործունեություն են ծավալում դրանք եւ ամենակարեւորը՝ ինչպես, ինչ ռեսուրսներով մասնակիցները կարող են ձեռք բերած գիտելիքները փոխանցել նաեւ այլ երիտասարդների: Նշեմ, որ ինչպես մյուս կազմակերպությունները, այնպես էլ Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն ՀԿ-ի հիմնական նպատակը քաղաքացիական հասարակության զարգացմանը, երիտասարդների ներգրավածության աստիճանի բարձրացմանը, միջմշակութային եւ տեղեկատվական ժամանակակից ցանցի ձեւավորմանը խթանելն է: Պարզ էր, որ բոլորս ունեինք մեկ ցանկություն՝ օրինակելի ու կրթված սերունդ ձեւավորել, եւ հասկանալի էր, որ հաջորդ մի քանի օրերը շատ հագեցած ու արդյունավետ, իսկ գործածված մեթոդները բավականին օգտակար են լինելու՝ հետագայում կիրառելու համար:

Հաջորդիվ մասնակիցները ներկայացրեցին ծխախոտի օգտագործման մասին վիճակագրական տվյալներ (ի դեպ, ես պետք է իմ երախտագիտությունը հայտնեմ News.am Medicine –ին՝ այս հարցում մեզ աջակցելու համար), թե ինչպիսին է ծխելու «մշակույթը» մասնակից երկրներում, ինչ խնդիրներ կան այս ոլորտում եւ ինչպես են պայքարում ծխելու դեմ:

Մենք նշեցինք, որ այս հարցում Հայաստանում կատարվել են որոշակի բարեփոխումներ, բայց դեռեւս կան խնդիրներ, որոնց լուծումը ոչ միայն կառավարության, այլեւ մեր ձեռքերում է, քանի որ ամեն մեկն ինքը պետք է գիտակցի ծխախոտի պատճառած վնասը եւ պայքարի դրա դեմ՝ սկսելով հենց իրենից: Այնուհետեւ գնացինք կինոդիտման. ֆիլմը կոչվում էր “Thank you for smoking” («Շնորհակալություն ծխելու համար»): Այս կատակերգական դրաման պատում է մի լոբբիստի մասին, ով ամեն հնարավոր ձեւով գովազդում է ծխախոտը եւ պայքարում այն մարդկանց դեմ, ովքեր կողմնակից են ծխելուց հրաժարվելուն: Բավականին ստացված ֆիլմ: Խորհուրդ կտամ՝ անպայման դիտել եւ հասկանալ, թե ովքեր են իրականում օգտվում ծխողների թուլությունից կամ այս վնասակար սովորությունից, եւ որքան մեծ եկամուտներ են նրանք ստանում:

Ֆիլմը դիտելուց եւ մի լավ մտածելուց հետո (ասեմ, որ այն բավականին ազդեցիկ է, քանի որ խմբի երկու մասնակից ֆիլմից հետո մեկընդմիշտ հրաժարվեցին ծխելուց) գնացինք մասնակցելու իսպանական երեկոյին: Եթե խորվաթների դեպքում ես ցանկանում էի նոր ու անծանոթ մշակույթ բացահայտել, ապա Իսպանիայի դեպքում ակնկալում էի տեսնել իսպանական կրքոտ պարեր, երաժշտություն, կաստանիետներ... բայց կրկին իմ հույսերը չարդարացան:

Հաջորդ օրը հայկական երեկոն էր, որը չպետք է հիասթափեցներ ոչ մեկին. անհրաժեշտ էր պատրաստվել...

 

Դ. Հովհաննիսյան



© NEWS.am STYLE