Տղամարդու վաստակած գումարի եւ կնոջ հեշտանքի միջեւ առկա կապը

23:06   24 հոկտեմբերի, 2014

Հավանաբար շատ շուտով այլեւս ոչ մի թեմա չի լինի, որին անդրադարձած չլինեն բրիտանացի գիտնականները (արդեն կասկածելի է, թե նրանք իրականում գոյություն ունեն, թե պարզապես հումորային կերպարներ են)։ Lady.ru-ն ներկայացրել է մի «գլուխգործոց», որն իրականում բրիտանացի գիտնականների հերթական ուսումնասիրությունների արդյունքն է։ Պարզվում է՝ տղամարդու վաստակած գումարի եւ կնոջ հեշտանքի միջեւ մեծ կապ կա։

Այս եզրակացությանն են եկել Նյուքասլի համալսարանի գիտնականները, ովքեր հարցում են անցկացրել 5000 չամուսնացած, բայց միմյանց հետ մշտական հարաբերություններ ունեցող չինացի զույգերի շրջանում (գրողը տանի, ինչու՞ չինացիները)։

Հետազոտությունը ցույց է տվել, որ հարուստ տղամարդիկ անկողնում շատ ավելի լավն ու փորձառու են, քան աղքատները։ Այսինքն՝ տղամարդը, ով ավելի բարձր դիրք եւ իշխանություն ունի, զուգընկերուհուն օրգազմի հասցնելու ավելի մեծ հավանականություն ունի, քան սոցիալապես ոչ այնքան ապահոված տղամարդը։

Եվ ահա պարադոքսը. պարզվել է, որ սեռական հարաբերությունների «նախաբանի», կիրառվող հպումների եւ զուգավորման տեւողության հարցում հարուստները ոչնչով չեն գերազանցում աղքատներին։

Ամփոփելով բոլոր տվյալները՝ գիտնականները եկել են այն եզրակացության, որ հարուստ տղամարդու հետ սեքսով զբաղվելիս կնոջ մոտ գործի է դրվում հարմարվելու ֆունկցիան, որը հարուստ զուգընկերոջը «տեղեկացնում է» այն մասին, որ կինը մեծապես նվիրված ու հավատարիմ է նրան, ինչն էլ մեծացում է նրա՝ հարուստ տղամարդու հետ ամուսնանալու հավանականությունը։

Իհարկե, այս պարադոքսը բրիտանացի գիտնականները դեռ չեն ապացուցել, բայց հուսով են հաջողության հասնել մոտ ապագայում։



© NEWS.am STYLE