Շվեդ արքայազնը ամուսնանալու է սկանդալային մոդելի հետ

22:16   24 հոկտեմբերի, 2014

Շվեդիայի արքայազն Կառլ Ֆիլիպն ամուսնանալու է մոդել Սոֆիա Հելքվիստի հետ։ Ինչպես հայտնել է Hello-ն՝ հարսանեկան արարողությունը տեղի կունենա 2015թ-ի հունիսի 13-ին։

Թագավորական պալատի Facebook-յան էջում զույգի տարածած հայտարարության մեջ ասված է. «Անհամբերությամբ սպասում ենք ամռանը կայանալիք մեր հարսանեկան արարողությանը։ Այն շատ կարեւոր օր կլինի մեզ համար, եւ մենք շատ ուրախ ենք»։

35-ամյա արքայազնի եւ նրա 29-ամյա ընտրյալի պսակադրության մասին հայտնի է դարձել այս տարվա հունիս ամսվա վերջին։ Սակայն լուրը բազմաթիվ քննադատությունների տեղիք է տվել, քանի որ Սոֆիայի հեղինակությունը չի համապատասխանում միապետների եւ թագավորների սկզբունքներին։ Նա թոփլես նկարահանվել է տղամարդկանց ամսագրերի համար։ Բացի այդ, Սոֆիայի անունը շատ հաճախ է հայտնվել դեղին մամուլի էջերին։

Տասը տարի առաջ նա մասնակցել է սկանդալային «Հյուրանոց», «Պարադիզ» հեռուստաշոուներին, որոնք լի էին սեքսի եւ ալկոհոլի օգտագործման տեսարաններով, հայտնել են արեւմտյան ԶԼՄները։ Ըստ այս շոուների սցենարի՝ հինգ կին եւ հինգ տղամարդ միասին ապրում են թանկարժեք մի հյուրանոցում։ Այս ծրագրի շրջանակներում նրան ցուցադրել են պոռնոաստղ Ջեննա Ջեյմսոնի հետ համբուրվելիս։

Սակայն այս ամենն արքայազն Ֆիլիպին այնքան էլ չի հուզում։ Այժմ Ֆիլիպը գահի հավակնորդների շարքում երրորդն է՝ զիջելով իր քրոջը՝ Վիկտորիային, եւ նրա դստերը՝ Էստելին։



© NEWS.am STYLE