«Փորձում եմ տարբերվել իմ տեսակով եւ երգելաոճով». Ռոմա Թոմաս

20:30   24 հոկտեմբերի, 2014

Երիտասարդ երգիչ Ռոմա Թոմասը պատմում է հայկական շոու բիզնես իր նորամուտի, նախընտրած ոճի եւ  մնացած երգիչներից տարբերվելու ցանկության մասին:

«13 տարեկանից սկսել եմ երգել: Ընդունվել եմ Երգի պետական թատրոնին կից պատանեկան ստուդիան:Ավարտելուց հետո 3 տարի ձայնս մշակել եմ Նազարյան Հովհաննեսի մոտ: Այնուհետև ծառայության եմ անցել հայոց բանակում, իսկ դրանից  հետո հանգամանքների բերումով մեկնել եմ Ռուսաստան:Այնուհետև վերադարձա հայրենիք ու փորձեցի զբաղվել նրանով, ինչն ամենաշատն եմ սիրում՝ սկսեցի երգել: Նկարահանեցի առաջին տեսահոլովակս՝ «Գիշերը», որի ռեժիսորը Ռոլանդ Սարգսյանն է: Այժմ էլ պատրաստում ենք 2-րդ տեսահոլովակը՝ «Վերադարձիր» երգի հիման վրա, որը նկարահանել է ռեժիսոր Սուրեն Թադևոսյանը»,- NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասաց Թոմասը:


Հարցին, թե ի՞նչ է անհրաժեշտ երիտասարդ երգչին հայկական շոու բիզնես մուտք գործելու համար, նա պատասխանեց. «Անհրաժեշտ է, որ երիտասարդ երգիչը չլինի կոմպեքսավորված, չփորձի նմանվել արդեն հայտնի երգիչների և չկրկնօրինակի նրանց: Թեկուզ ունենա փոքրիկ թերություններ, որոնք ժամանակի ընթացքում կհղկվեն: Չվախենա փորձություններից և ոչ թե պարզապես փորձի ձայն ցույց տալ, այլ անպայման հոգի դնի երգերի մեջ»:

Ռոմա Թոմասը նաեւ նշեց, որ շոու բիզնես մուտք գործելու համար ամենամեծ խոչընդոտը ֆինանսի բացակայությունն է:

«Կարող ես լինել տաղանդավոր, ունենաս հրաշալի տվյալներ, բայց ֆինանսի բացակայության պատճառով, այդպես էլ չկայանաս որպես երգիչ»,- ասաց երգիչը:


Սեփական երգելաոճի ընտրության եւ հնարավոր ոճային փոփոխությունների մասին երիտասարդ երգիչը պատասխանեց. «Ես պարզապեց երգում եմ այն ոճով, որն ամենից շատ եմ սիրում և որն ամենահոգեհարազատն է ինձ: Ընդհանրապես  փորձում եմ տարբերվել իմ տեսակով և երգելաոճով: Չեմ սիրում նմանակել կամ նմանվել որևէ մեկին: Ինչ վերաբերում է ոճի փոփոխությանն ասեմ, որ բնականաբար չեմ ընտրի դասական ոճը, քանի որ այն ուղղակի իմը չէ: Բայց ժամանակի ընթացքում հնարավոր է հանդես գամ մեկ այլ ոճով, որը հեռու չի լինի իմ նախըտրածից և միևնույն ժամանակ ավելի մեծ պահանջարկ կունենա կամ կլինի տվյալ ժամանակին համահունչ»:


Հարցին՝ չե՞ք վախենում չկայանալուց, Ռոմա Թոմասը պատասխանեց շատ կարճ, բայց հստակ՝ «Երբեք չեմ վախենում, քանի որ վախն Աստծուց չէ»:



© NEWS.am STYLE