«Միայն ուժեղ տղամարդ է պետք, որ թույլ զգամ ինձ». Նաիրա Մովսիսյան

12:42   25 հոկտեմբերի, 2014

Դերասանուհի Նաիրա Մովսիսյանը NEWS.am STYLE-ի հետ զրույցում պատմեց իր գործունեության,նոր մասնագիտության եւ երջանկության գաղտնիքի մասին:

Նաիրա, ինչո՞վ եք զբաղված հիմա:

Հիմա ներկայացման եմ պատրաստվում: Անընդհատ փորձերի եմ լինում: Զուգահեռ դրան՝ տեսահոլովակ է նկարահանվում, որտեղ ես ոճաբան եմ: Այսքան ժամանակ անց որոշեցի խիզախությամբ տրվել այն գործին, որը շատ եմ սիրում:

Ո՞ւմ տեսահոլովակի մասին է խոսքը:

Երիտասարդ երգչուհի Եվայի տեսահոլովակն է:

Ասացիք, որ նոր ներկայացման եք պատրաստվում: Ի՞նչ ներկայացում է եւ ո՞ւմ եք մարմնավորում:

«Գլամուրային չոբաններ». այդպես է կոչվում ներկայացումը: Մարմնավորում եմ քաղաքական գործչի սիրուհու կերպար. ինչպես մերօրյա մի շարք կեղծ գլամուրային սիրուհիներ: Ի դեպ,ներկայացման պրեմիերան կկայանա նոյեմբերի 23-ին եւ 24-ին:

Իսկ վաղո՞ւց եք զբաղվում դիզայներությամբ:

Անկեղծ, գրեթե միշտ ինքս եմ կարել իմ եւ շատ-շատ  ընկերներիս հագուստները: Պարզապես մտածել եմ, որ կան մարդիկ, ովքեր հենց այդ մասնագիտությունն ունեն եւ կատարյալ անում են դա: Հետո, երբ առաջարկ եղավ տեսահոլովակի ռեժիսորի կողմից, մտածեցի՝ ինչու ոչ. չէ՞ որ, ամեն երկրորդն այսօր ոճաբան է, իսկ ինչու չփորձել: Շնորհակալ եմ Խաչիկ Եղոյանին՝ առաջարկելու եւ վստահելու համար:

Նաիրա, իսկ Ձեզ պատկերացնո՞ւմ եք առանց աշխատանքի:

Ոչ: Ես փորձում եմ այն, ինչը կարծում եմ կկարողանամ եւ կկայանամ տվյալ մասնագիտության մեջ: Այս դեպքում, շնորհիվ Խաչիկի, ես օր օրի կատարելագործում եմ իմ ունակությունները (ժպտում է):

Ձեր կարծիքով որո՞նք են իդեալական կնոջ 5 սկզբունքները:

Կանացիությունը, նվիրվածությունը, ներողամտությունը, հանդարտությունը,  ուժը, միեւնույն ժամանակ թուլությունը, երբ  ուժեղ տղամարդ է լինում կողքիդ:


Իսկ այդ հատկանիշները կա՞ն Ձեր մեջ:

Այո, միայն ուժեղ տղամարդ է պետք, որ թույլ զգամ ինձ (ժպտում է):

Ձեզ երջանիկ մարդ համարո՞ւմ եք եւ ո՞րն է Ձեր երջանկության գաղտնիքը:

Այո, համարում եմ, քանի որ կամ եւ ապրում եմ, ունեմ սիրով լի ընտանիք, աշխատանք ու զբաղվում եմ այն մասնագիտություններով, որով ինքս եմ ուզում: Մի խոսքով, ամեն բան կատարյալ է: Ես երջանիկ  մարդ եմ ի ծնե եւ երբեք էլ չեմ փոխվի:

 

Զրուցեց՝ Մելինե Տոնոյանը



© NEWS.am STYLE