Ինչպես տնային պայմաններում «Բեյլիս» պատրաստել

19:08   31 հոկտեմբերի, 2014

Իռլանդական վիսկիով, սերուցքով եւ շաքարավազով պատրաստվող այս լիկյորի մասին հավանաբար շատերն են լսել, քանի որ «Բեյլիս»-ն արդեն վաղուց է ներառված բարերի խմիչքների ցանկում։ Այս համեղ ու քիմքին հաճո լիկյորը հիանալիորեն համադրվում է նաեւ մի շարք կոկտեյլների հետ։

Տնային պայմաններում պատրաստվող «Բեյլիս»-ն այնքան էլ թանձր չի ստացվում, բայց իր համով եւ բույրով ոչնչով չի զիջում խանութից գնված, օրիգինալ խմիչքից, որը 1974թ-ից արտադրում է R. A. Baileys & Co. ընկերությունը։

Պատրաստման համար անհրաժեշտ է՝ մեկ շիշ օղի, մեկ տուփ խտացրած կաթ, 400մլ.10%-անոց սերուցք, մեկ ճաշի գդալ լուծվող սուրճ. 4 դեղնուց եւ 2 ճաշի գդալ վանիլային շաքարավազ։

Պատրաստման եղանակը. ափսեի մեջ հարում եք դեղնուցները, ավելացնում խտացրած կաթն ու վանիլային շաքարավազը։ Այս ամենը հարիչով մի լավ խառնելուց հետո, ստացված միատարր զանգվածի մեջ ավելացնում եք սուրճը եւ շարունակում հարել։ Եթե սուրճի մեծ հատիկները չեն լուծվում, մի անհանգստացեք, քանի որ օղին լցնելուց հետո ամեն ինչ կկարգավորվի։

Այնուհետեւ ավելացնում եք սերուցքն ու կրկին խառնում. ի դեպ, սերուցքը չպետք է շատ յուղալի լինի, քանի որ դա կարող է նստվածք առաջացնել բաժակի մեջ, ինչը կասկած կհարուցի այս լիկյորի սիրահարների ու գնահատողների մոտ։

Վերջին քայլով ավելացնում եք օղին եւ շարունակում խառնել։ Ավելի հարուստ համ ստանալու համար լիկյորը կարող եք երեք օր թողնել սառնարանում։ Տնային «Բեյլիս»-ը պատրաստ է. կարող եք վայելել։

 

Աղբյուրը՝ therumdiary.ru



© NEWS.am STYLE