«Մանկական եվրատեսիլ- 2014»-ի հայաստանյան երգի տեսահոլովակի պրեմիերան՝ այսօր

12:15   29 հոկտեմբերի, 2014

Արդեն պատրաստ է «Մանկական եվրատեսիլ- 2014»-ի Հայաստանի ներկայացուցիչ Բեթթիի «Արեւի մարդիկ» երգի տեսահոլովակը: Պրեմիերան կկայան այսօր՝ ժամը 21:30-ին, Հանրային հեռուստաընկերության Առաջին լրատվականի հիմնական թողարկումից անմիջապես հետո:

Տեսահոլովակը նկարահանել է հենց Բեթթին՝ ‹‹սելֆի վիդեո›› տարբերակով:  Եվրատեսիլյան հայաստանյան պրակտիկայում առաջին անգամ է, երբ մրցութային երգի տեսահոլովակը նկարում է մասնակիցը: Տեսահոլովակի պատրաստումն իրականացրել է Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խումբը:

Հայաստանն այս տարի «Մանկական եվրատեսիլ»-ին կներկայացնի 11-ամյա Բեթթին՝ «Արեւի մարդիկ» (People of the sun) երգով: Երգի պատրաստման ընթացքում Բեթթիին օգնել են երգահան Մանե Հակոբյանը, խոսքերի հեղինակ Ավետ Բարսեղյանը եւ գործիքավորող Մարտին Միրզոյանը:

Հիշեցնենք, որ «Մանկական եվրատեսիլ- 2014» երգի միջազգային հեղինակավոր մրցույթն այս տարի կանցկացվի նոյեմբերի 15-ին Մալթայում: Մրցույթի մասնակից պետությունները 16-ն են՝ Հայաստան, Վրաստան, Բելառուս, Բուլղարիա, Կիպրոս, Իտալիա, Մալթա, Մոնտենեգրո, Ռուսաստան, Սերբիա, Շվեդիա, Սլովենիա, Նիդերլանդներ, Խորվաթիա, Սան Մարինո եւ Ուկրաինա: 



© NEWS.am STYLE