Այսօր տարվա ամենասարսափելի տոնն է՝ Հելոուինը

12:32   31 հոկտեմբերի, 2014

Այսօր տարվա ամենասարսափելի տոնն է՝ Հելոուինը։ Իսկ ի՞նչ գիտեք այդ տոնի մասին։

Անգլախոս երկրներում երեխաներն այս օրվա առթիվ սարսափազդու կոստյումներ են հագնում եւ գնում հարեւանների տուն՝ քաղցրեղեն խնդրելու։ Բացի այդ, նրանք դիմակահանդես են կազմակերպում, պատուհանագոգին դդում դնում, որի վրա անպայման պետք է աչքեր ու բերան կտրված լինի, իսկ ներսում՝ մոմ։ Այսպիսով, եկեք տեսնենք, թե որն է այս տոնի խորհուրդն ու ինչ պատմություն ունի այն։

Հելոուինը կելտական մշակույթին բնորոշ մի տոն է։ Ըստ կելտական մշակույթի՝ Սամայնը, որը խորհրդանշում էր ձմեռնամուտը, նշվում էր հոկտեմբերի 31-ին։ 7-րդ դարում Հռոմի Պապ Բոնիֆաս IV-ը անգլիացիներին այս հեթանոս սովորույթից ետ պահելու եւ «ազատելու» համար նոյեմբերի 1-ը հռչակեց Բոլոր Սրբերի օր։

Ավելի ուշ նոյեմբերի 2-ը դարձավ Բոլոր հանգուցյալների օր, սակայն այս ավանդույթը կարողացավ «հաղթել» ամենքին եւ ամեն ինչին եւ մինչ այժմ էլ շարունակում է գոյություն ունենալ։

Վերջին տարիներին այս տոնը տարածվել է ողջ Եվրոպայում, ինչպես նաեւ որոշ ասիական երկրներում։

Ի դեպ, այն նաեւ սկսել են տոնել Երեւանում, ինչի մասին վկայում են երեւանյան փաբերում եւ ակումբներում կազմակերպվող միջոցառումները։


Ի դեպ, դդումը ամերիկացիների մտահաղացում է. մինչ այդ Իռլանդիայում եւ Շոտլանդիայում դրա փոխարեն դիմակներ էին պատրաստում շաղգամից եւ կարտոֆիլից, իսկ Անգլիայում՝ բազուկից։



© NEWS.am STYLE