Լյուբով Ուսպենսկայան՝ իր երեխաների մահվան մասին

12:14   1 նոյեմբերի, 2014

«Շանսոնի թագուհի» Լյուբով Ուսպենսկայան «Միայնակ բոլորի հետ» հաղորդման ժամանակ պատմել է իր առաջին հղիության մասին, որը ողբերգական ավարտ է ունեցել, քանի որ երկվորյակ երեխաները, ովքեր պետք է լույս աշխարհ գային, մահացել են։

Երգչուհին շատ փորձությունների միջով է անցել։

«Դեռահաս տարիքում տատիկս բարկացած ժամանակ ինձ ասաց, որ ես ծնողներիս հարազատ երեխան չեմ։ Հիշում եմ, թե որքան ցավալի էր. հողը ոտքիս տակից գնաց»,-խոստովանել է երգչուհին։

Երգչուհին ավելացրել է. «Ես հասկանում էի, որ ինչ-որ մի բան այն չէ, բայց չէի ցանկանում խորանալ մանրամասների մեջ։ Սակայն հետո գտա իմ մահացած մոր նամակը... նա գրում էր, որ կցանկանար տեղեկանալ իմ մասին։ Հետո ես չէի հասկանում, թե որտեղից էին մեր տանը մշտապես ասիական համեղ քաղցրավենիք, չիր եւ ընկույզ հայտվում։ Պարզվեց, որ մայրս ծնունդով Թուրքմենստանից էր՝ Աշխաբադից, եւ ահա թե որտեղից էին գալիս այդ ծանրոցները։ Ահա իմ կյանքի տխուր պատմություններից մեկը»։

Սակայն դժվարություններն այսքանով չեն ավարտվել. երգչուհին առաջին ամուսնության ընթացքում հղիացել է, բայց  երկվորյակ երեխաները, ովքեր պետք է լույս աշխարհ գային, մահացել են։

«Սա իսկապես մեծ հարված էր ինձ համար. մի երեխան մահացած էր ծնվել, իսկ մյուսը՝ մահացավ երկու շաբաթ անց։ Ամենադաժանն այն պահն էր, երբ հիվանդանոցում բոլոր մայրերին բերում էին իրենց երեխաներին՝ կերակրելու, իսկ ես որբի ու անպետքի նման պառկում էի։ Ես այնպիսի զգացում ունեի, որ հավանաբար ինձ վիճակված չէ մայր դառնալ»։ Բայց 1989թ-ին իր երրորդ ամուսնության ժամանակ Ուսպենակայան դուստր է ունենում՝ Տատյանա Պլակսինան։



© NEWS.am STYLE