Ինչպես չպետք է հագնվել. սխալ համադրություններ

21:10   9 նոյեմբերի, 2014

Նույնիսկ ամենագեղեցիկ ու նրբաճաշակ կանայք երբեմն սխալներ են թույլ տալիս հագուստի մեջ, որի մասին ավելի լավ է չհիշել: Ի դեպ, հագուստի սխալները բավականին դժվարությամբ են մոռացվում, հատկապես այն դեպքում, երբ դա նկատել եք ոչ միայն դուք…

Երբ տեսնում եք ոչ պատշաճ հագնված մարդու, ապա միանգամից հասկանում եք, թե ինչպես է պետք համադրել հագուստները: Բայց երբ գործը հասնում է ձեզ, ամեն ինչ մի փոքր դժվարանում է:

Կարծիք կա, որ որոշ մարդիկ ի ծնե ճաշակով են, իսկ ոմանք էլ դրանից զուրկ են: Մեզ մշտապես բարկացնում են անճաշակ հագնված մարդիկ: Իսկ ինչն է պատճառը, որ մարդիկ այդպես են հագնվում:

Այսպիսով, եկեք հասկանաք, թե որոնք են այս «անճաշակության» եւ սխալ ու անհաջող համադրությունների պատճառները:

Մինիմալիզ հագուստի մեջ

Խոսքը ոչ թե մինիմալիստական ոճի, այլ գեղեցիկ հագնվելու ունակություն չունենալու մասին է: Մարդը շոր է հագնում պարզապես մարմինը ծածկելու համար եւ գնում է ամենաէժան ու խամրած հագուստները:

Շատերը կարծում են, որ այս ամենի գլխավոր պատճառը ցածր ինքնագնահատական է, այսինք՝ մարդը չի սիրում իրեն: Բայց հիմնականում նման մարդիկ հագուստին այնքան էլ մեծ նշանակություն չեն տալիս, քանի որ այն կարեւոր դեր չունի իրենց կյանքում:

«Ունիսեքս» ոճի հագուստներ կանանց համար

«Ունիսեքս» ոճ ասելով հասկանում ենք այն համադրությունները, երբ կինը պարզապես հագնում է մի սովորական շապիկ կամ սվիտեր եւ ջինսե տաբատ:

Հաճախ այս կանայք օգտագործում են սպորտային ոճի ինչ-ինչ տարրեր. օրինակ, սպորտային գլխարկ կամ կոշիկներ եւ այլն:

Գլխավոր պատճառը հարմարավետությունն է, քանի որ այս տեսակ հագուստները սովորաբար շատ ավելի հարմարավետ են եւ չեն խոչընդոտում շարժման մեջ: Ի տարբերություն «մինիմալիստների»՝ «ունիսեքս» հագուստի սիրահարների համար հագուստը կարեւոր ու մեծ դեր ունի, պարզապես կանացիությունը նրանց համար չէ:

Կազմվածքին ոչ համապատասխան հագուստ

Հավանաբար հանդիպել եք «մարմնեղ» կնոջ, ով հագել է ընդգկրող մի զգեստ կամ կոստյում:

Մի՞թե գեր կանայք չեն տեսնում կամ չեն հասկանում, որ իրենց դա չի սազում եւ հարմար չէ: Ոչ, պարզապես նման կանայք կարծում են, որ այդպես նրանք միանգամից նմանվում են իրենց երազած իդեալական կնոջ կերպարին եւ հայելու մեջ նայելիս նրանք չեն նկատում իրենց «ավելորդ կիլոգրամները»: Համաձայնեք, որ այսպիսի ինքնախաբեությամբ զբաղվող մարդիկ քիչ չեն: 

Տարիքին ոչ համապատասխան հագուստ

Հանդիպած կլինեք հիսունն անց կանանց, ովքեր ծնկից վերեւ կիսաշրջազգեստ են հագնում եւ ցուցադրում իրենց արդեն տգեղ ոտքերն ու լայնացած երակները: Կամ երբ այս տարիքի կինը հագնում է չափազանց վառ ու պայծառ գույների զգեստներ: Իսկ տղամարդիկ էլ այս տարիքում կարող են սպիտակ շապիկով եւ կարճ շորտերով դուրս գալ փողոց:

Հավանաբար խնդիրն այս դեպքում այն է, որ այս մարդիկ «մնացել են» երիտասարդ տարիքում, երբ նման լուքերը շատ տեղին էին ու ներդաշնակ: Այսպես նրանք խուսափում են ծերանալուց:

Հագուստի անհամատեղելիություն

 

Մինչեւ վերջերս որոշ գունային համադրություններ անտեղի ու ոչ ներդաշնակ էին համարվում: Օրինակ, մոտավորապես տասը տարի առաջ կարմիրը չէր կարելի համադրել դեղինի, կապույտի, կանաչի, նարնջագույնի եւ մանուշակագույնի հետ: Կամ ջինսե տաբատները խորհուրդ չէր տրվում հագնել դասական կոստյումների եւ բարձրակրունկ կոշիկների հետ:

Այժմ այս համադրությունները բավականին ճիշտ ու տեղին են համարվում եւ նորաձեւության վերջին միտումներից են: Մնում է միայն հաշվի առնել, թե որքանով է այն համապատասխան տվյալ մարդուն:

Իսկ կարե՞լի է ինչ-որ մեկին սովորեցնել ճիշտ հագնվել: Նախ չպետք է ստիպել որեւէ մեկին հետեւել ընդունված ստանդարտներին, քանի որ նորաձեւությունը մշտապես փոփոխվում է, եւ այն ինչ երեկ ընդհանրապես համադրելի չէր, այսօր միգուցե նորաձեւության վերջին ճիչը դառնա: Պետք է անհատական մոտեցում ցուցաբերել՝ հասկանալով  տվյալ մարդու եւ արտաքին, եւ ներքին աշխարհները: Այնուհետեւ արդեն կարելի է ընտրել անհատական մի ոճ, որը կընդգծի ու կցուցադրի նրա առավելությունները եւ կթաքցնի թերությունները: Ահա այս ձեւով կարելի է արմատապես փոխել ու բարելավել ինչ-որ մեկի արտաքին տեսքն ու գեղեցկացնել նրա կյանքը:

 

Աղբյուրը՝ MyJane.Ru



© NEWS.am STYLE