Չինաստանում արգելել են հեռուստասերիալներում դավաճանություն, սեքս, սպանություն, թմրանյութեր եւ «պարանորմալ երեւույթներ» ցուցադրել

16:08   14 նոյեմբերի, 2014

Չինաստանի կառավարությունը հրամայել է հեռուստասերիալներից հեռացնել դավաճանության, սեքսի, սպանության, թմրանյութերի եւ «պարանորմալ երեւույթների»  տեսարանները, հայտնել է BBC-ի ռուսական ծառայությունը՝ մեջբերելով Global Times-ին։ Քանի որ Չինաստանում բավականին շատ են ամերիկյան ֆիլմեր ու հեռուստածրագրեր ցուցադրում, հեռուստաընկերությունները պետք է եթերից կրճատեն բոլոր նմանատիպ տեսարանները։   

Չինական սոցցանցերում արդեն մեծ աղմուկ ու դժգոհություններ են առաջացել այս առթիվ, քանի որ ըստ չինացիների՝ այլեւս ոչինչ չի լինի դիտելու համար։

Շատերն անգամ իրենց մտավախությունն են հայտնել առ այն, որ նրանք այլեւս չեն կարողանա դիտել իրենց սիրելի հեռուստասերիալները, որոնք Չինաստանում մեծ համբավ են վայելում։

Նշենք, որ այս նոր օրենքն ընդունվել է «Համացանցի մաքրում-2014» ծրագրի շրջանակներում, որի միջոցով չինական կառավարությունը պայքարում է պոռնագրաֆիայի եւ գռեհկության դեմ։



© NEWS.am STYLE