Սառույցի երիտասարդացնող հատկությունը

19:21   23 նոյեմբերի, 2014

Սառույցի բուժիչ հատկությունների մասին կարելի է երկար խոսել, սակայն եկեք տեսնենք, թե ինչպիսի ազդեցություն այն կարող է ունենալ գեղեցկության եւ երիտասարդության վրա։

Երբ սառույցը հպվում է մաշկին, այն միանգամից սառչում է։ Արդյունքում մաշկի մակերեսային անոթները սեղմվում են, իսկ խորը հատվածների անոթները՝ լայնանում, ինչի հետեւանքով ավելի է ուժեղանում արյան հոսքը։ Արդյունքում մաշկը հարստանում է թթվածնով, իսկ նյութափոխանակության գործընթացներն ավելի ինտենսիվ ու արագ են կատարվում։ Ահա հենց այս ամենի շնորհիվ դեմքի կնճիռներն ավելի անտեսանելի են դառնում, իսկ մաշկն ավելի հարթ ու նուրբ տեսք է ստանում։

Սառույցը կարելի է պատրաստել տարբեր բաղադրիչներից. օրինակ, ամենահասարակ մեթոդը հանքային ջուրն է (նախընտրելի է օգտագործել բարձրորակ ջուր)։ Ընդամենը այն պետք է լցնել համապատասխան տարայի մեջ եւ դնել սառնախցիկի մեջ։

Սակայն եթե մաշկի վրա ցան է առաջացել, ապա պետք է փորձել մեկ այլ մեթոդ։ Անհրաժեշտ է սառեցնել որեւէ խոտաբույսի թուրմը. կարելի է վերցնել երիցուկի, կանթեղախոտի, մաղադանոսի, կալենդուլայի, էվկալիպտի խոտաբույսեր կամ  կանաչ թեյ։ Պարզապես պետք է մեկ գդալ խոտաբույսը խառնել 1 բաժակ եռացրած ջրի մեջ եւ թողնել մոտ 40-60 րոպե։ Ստացված թուրմը հարկավոր է քամել եւ լցնել հատուկ տարայի մեջ եւ դնել սառնախցիկի մեջ։ Հավատացեք, այն կօգնի ձեզ ազատվել ոչ միայն այտուցներից, այլեւ կբարձրացնի մաշկի տոնուսը։

Մաշկի բորբոքային գործընթացների ժամանակ շատ օգտակար է «արծաթե» սառույցը։ Ահա թե ինչ է պետք անել. արծաթե մի որեւէ իր (մետաղադրամ, գդալ եւ այլն) պետք է գցել ջրի մեջ եւ թողնել մոտ 24-28 ժամ։ Հետո կրկին լցնել հատուկ տարայի մեջ եւ դնել սառնախցիկի մեջ։

Աչքերի տակ առաջացող շրջանակների համար անհրաժեշտ է նույն համամասնությամբ (1:1) ջուրն ու կաթը խառնել եւ սառեցնել։ Այս մեթոդով պատրաստված սառույցը հիանալի միջոց է աչքերի տակ առաջացած սեւ շրջանակներից ու կապտուկներից ազատվելու համար։

Երիտասարդացնող ազդեցություն ունի նաեւ նարնջից պատրաստված սառույցը. պարզապես պետք է խառնել կես նարնջի հյութն ու մեկ բաժակ սառեցրած եռացրած ջուրը եւ կրկին սառեցնել։

Ի դեպ, նշենք, որ բոլոր դեպքերում անհրաժեշտ է օգտագործել բարձրորակ ջուր (ծորակից հոսող ջուրը կիրառելի չէ), ինչպես նաեւ հաշվի առնել մաշկի տեսակը։

Նշենք, որ նման թուրմերը կարելի է պահել ընդամենը 5 օր։

 

 

Աղբյուրը՝ Liza.ua



© NEWS.am STYLE