«Ջազն ինձ համար ապրելակերպ է»․ MARBEY (ֆոտո)

17:30   22 նոյեմբերի, 2014

Ջազ երգչուհի Մարինա Հակոբյանը, ով ներկայանում է MARBEY անվամբ, այսօր լրագրողների հետ հանդպման ժամանակ ներկայացրեց իր առաջին տեսահոլովակը, որը կոչվում է «Զարթոնք»։

««Զարթոնքը» ֆոլկ-ջազ ոճի ստեղծագործություն է, որի հեղինակը Գարիկ Սարիբեկյանն է, իսկ տեսահոլովակի ռեժիսորը՝ Զառա Պետրոսյանը։ Շատ կարճ ժամանակահատվածում ծնվեց այս երգը եւ Գարիկի հետ միասին որոշեցինք, որ այն ներկայացնենք նաեւ տեսահոլովակով»,- ասաց Մարինան։

Երգչուհին համագործակցում է «Cantus» պրոդյուսերակն կենտրոնի հետ։ Պրոդյուսեր, երգահան եւ ռեժիսոր Զառա Պետրոսյանի խոսքով․ «Վաղուց է, ինչ ցանկանում էինք աշխատել Մարինայի հետ։ Ես միշտ նրան տեսնում էի  ֆոլկ-ջազ ոճում։ Նրա մոտ դա շատ լավ է ստացվում եւ դուք ինքներդ ականատեսը կլինեք դրան։ Շատ հեշտ է աշխատել MARBEY-ի հետ, քանի որ նա կարողանում է արագ կողմնորոշվել եւ անել այն, ինչն իրենից պահանջվում է»։

Որեւէ սյուժե տեսահոլովակը չունի։ Ռեժիսորի խոսքով՝ նրանց նպատակն է ներկայացնել երգչուհուն։

Մարինա Հակոբյանը սովորել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-էստրադային բաժնում։ 2008 թվականին մասնակցելով երիտասարդ ջազ-կատարողների «Դեբյուտ» մրցույթին՝ արժանացել է «Լավագույն կատարող» մրցանակին։ Իսկ 2010 թվականից նա հանդիսանում է Հայաստանի պետական ջազ նվագախմբի մենակատար եւ Հայաստանի առաջատար ջազ երաժիշտների հետ համերգային ծրագրերով հանդես է գալիս ԱՄՆ-ում, Եվրոպայում եւ Արաբական Էմիրություններում։

Հարցին, թե ինչու ընտրեցիք ջազը, MARBEY-ն պատասխանեց․ « Ջազը ինձ համար ապրելակերպ է։ Առանց ջազի ինձ չեմ կարող պատկերացնել»։

Նշենք, որ այսօր երեկոյան Yans Music Hall-ում կկայան MARBEY-ի մենահամերգ, որի ընթացքում երգչուհու կատարմամբ կհնչեն հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները բացառիկ ջազային մեկնաբանություններով։ Բացի այս համերգի հատուկ հյուրն է կիթառահար Ալեքս Բաբոյանը, ով Երեւան է ժամանել ԱՄՆ-ից։

Մելինե Տոնոյան



© NEWS.am STYLE