«Գահերի խաղը» լիամետրաժ ֆիլմ կդառնա

10:34   24 նոյեմբերի, 2014

Մեծ ճանաչում ձեռք բերած «Գահերի խաղ» հեռուստասերիալը հավանաբար լիամետրաժ ֆիլմ կդառնա։

Ինչպես հայտնել է The Telegraph-ը՝ այս տեղեկատվությունը հաստատել է հայտնի դերասան Չառլզ Դենսը, ով ֆիլմում խաղում է Թայվին Լենիսթերի դերը։

«Այժմ բանակցություններ են գնում ֆիլմը նկարահանելու մասին, բայց թե սցենարային ինչ գիծ կունենա այն, չգիտեմ։ Կարծում եմ, որ ամեն ինչ մեկ լիամետրաժ ֆիլմում հնարավոր չի լինի ներկայացնել»,- ասել է դերասանը։

Ինքը՝ գրքի հեղինակ Ջորջ Մարտինը, միշտ էլ հայտարարել է այն մասին, որ նա շատ նյութեր ունի գրված, բայց դրանք նկարահանելու համար մեծ գումարներ են անհրաժեշտ։

«Գիրքն իր ծավալով ավելի ու ավելի է ընդլայնվում։ Բայց կան կադրեր, որոնց նկարահանման համար մոտ 100 միլիոն դոլար է անհրաժեշտ եւ երկու ժամ ժամանակ»,-ասել է Ջորջ Մարտինը։

Նշենք, որ այս հեռուստաֆիլմը առաջադրվել է Emmy մրցանակ ստանալու համար եւ արդեն արժանացել է «Հյուգո» մրցանակի։



© NEWS.am STYLE