Երեւանյան էսքիզներ. տաքսու վարորդները

22:05   29 նոյեմբերի, 2014

Երեւանում առկա տաքսիների քանակն աշխարհում ուրիշ ոչ մի տեղ չես հանդիպի։ Հաշվի առնելով այն հանգամանք, որ Երեւանն այնքան էլ մեծ քաղաք չէ, ապա բնակչության թվի հետ համեմատած՝ տաքսիների թիվը զարմանալի շատ է։ Այնպիսի տպավորություն է, որ քաղաքի ամեն երկրորդ տղամարդը տաքսու վարորդ է։ Եվ չնայած այն հանգամանքին, որ տաքսու ծառայություններն ու մասնավոր տաքսիները մեր քաղաքում շատ են՝ դրանք բոլորն ունեն մի կարեւոր հատկություն՝ ցուրտ, անձրեւային եւ ձյան եղանակին, չգիտես ինչու, այս բոլոր տաքսիներն անհետանում են. hավանաբար, անձրեւն ու ձյունը մեր տաքսու վարորդների համար Բերմունդյան եռանկյունի է։ Եթե ձեզ հաջողվի վատ եղանակի ժամանակ տաքսի գտնել, ապա դուք այն հազվադեպ հանդիպող բախտավորներից մեկն եք։ Բայց երեւանյան տաքսիները մեր քաղաքի կոլորիտի մի մասն են կազմում եւ առանց դրանց, մեր կյանքը շատ անհետաքրքիր ու ձանձրալի կլիներ, քանի որ ոչ մեկ, բացի մեր տաքսիստներից, այդքան լավ չգիտի, թե ինչպես կարելի է լուծել ոչ միայն Հայաստանի, այլեւ ողջ աշխարհի խնդիրները՝ սկսած քաղաքական եւ տնտեսական ճգնաժամից, մինչեւ Ֆերմի թեորեմի ապացուցում։ Չէ՞ որ աշխարհում ոչ մի տեղ չես գտնի 2-3 բարձրագույն կրթություն ունեցող տաքսու վարորդ, ով տիրապետում է տաբեր լեզուների եւ կարող է «ոտքով բացել ցանկացած նախարարի աշխատասենյակի դուռ»։  Չնայած պետք է խոստովանել, որ Մոսկվայում ես հանդիպել եմ նման վարորդների եւ ինչքան էլ որ զարմանալի ու տարօրինակ հնչի, Կովկասից են եղել։

«Նա ասում է Հոլանդիա, իսկ դու՝ Ամստերդամ»...

Մի անգամ ես նստել էի մի շատ ուրախ եւ մարդամոտ մեծահասակ մարդու տաքսի, ով պարզվեց թիֆլիսահայ է։ Խոստովանում եմ, որ դա իմ կյանքի ամենահաճելի երթեւեկությունն էր, քանի որ վարորդը շատ կոլորիտային եւ սրամիտ մարդ էր։ «Գիտես, թե ես ինչ կանեմ, երբ նախագահ դառնամ»,- խորամանկորեն հարցրեց նա. իսկ այն, որ նա նախագահ կդառնար, կասկածից վեր էր. «Ես այս ողջ «գեղը» կաքսորեի գյուղ։ Թող կարտոֆիլ ցանեն, քանի որ նրանք այստեղ անելու ոչ մի բան չունեն»,-ասաց ապագա «դիկտատորը»։ «Սա պարզապես սարսափելի է։ Վերջերս պետհամալսարանի երեք ուսանող էին նստել մեքենաս։ Քննարկում էին, թե ինչպես է իրենց ընկերն ապրում Հոլանդիայում։ Եվ նրանցից մեկն ասաց ինձ. «Տեսնում ես, հորեղբայր, թե ինչպես են Հոլանդիայում ապրում։ «Այո, ճիշտ է, ես էլ Ամստերդամում ընկեր ունեմ»,-պատասխանեցի ես։ Եվ հենց այդ պահին նա հանկարծ ասաց. «էէէէ, հորեղբայր, մենք Հոլանդիայի մասին ենք խոսում, իսկ դու՝ Ամստերդամի»։ Պատկերացնում եք, ի՜նչ սարսափելի, եւ սա պետհամալսարանի ուսանողն է ասում։ Ոչ, բոլորին պետք է ուղարկել գյուղ՝ կարտոֆիլ հավաքելու, անհապաղ», - ասաց «ապագա նախագահը»...

Մեկ ուրիշ տաքսիստ, ով ինչպես ինքն էր պնդում նախկինում ոստիկան է եղել, ամեն առավոտ ինձ հավաստիացնում էր, որ Վովա Գասպարյանը խնդրում է, որ նա կրկին ծառայության անցնի. ամեն օր ոստիկանապետն անձամբ զանգում է իրեն, իսկ մեր վարորդը «դիմադրում է»։

Մեկը պնդում էր, որ տիրապետում է վեց օտար լեզվի, իսկ մյուսը խցանման մեջ բարկացած սկսեց հայհոյել իշխանություններին. «Նրանք բոլորը «գոմիկ են», թող որ նրանք...։ Ես նրանց մոր...»։ Ես պարզապես ապշել էի։

Մեկ ուրիշն էլ վստահ էր, որ Թամանյանի արձանը Ազատության հրապարակում է եւ երդվում էր, որ ոչ մի կերպ չի կարող այնտեղ հասնել։

Գրեթե ամեն անգամ տաքսիով մի տեղ գնալը հետաքրքիր իրադարձություններով եւ աննկարագրելի զգացումներ լի ճամփորդության է վերածվում. հատկապես, իրենց մահացու (բառի ուղիղ իմաստով) հոտերով։ Այս տեսանկյունից դիտարկելիս ամառն ու ձմեռը ամենավատ ու ծանր շրջաններ են։ Այնպիսի տպավորություն է, որ շատ տաքսիստներ տարին մեկ անգամ են լողանում եւ հագուստ փոխում, եւ ուղեւորը խոշտանգումների է ենթարկվում։ Երեւանում հաճախ է պատահում, որ այդ «բույրից» շշմած ու թմրած ուղեւորը վայրկյան առ առաջ փորձում է դուրս գալ տաքսիից եւ մաքուր օդ շնչել։

Երեւանյան տաքսիսիտը՝ Կամիկաձե ու Շումախեր է մեկ մարդու մեջ։ Դատապարտված ճակատագրով տաքսիստը կատաղորեն սեղմում է գազի սեղմակը եւ շտապում ճակատագրի հետ հանդիպման՝ մոռանալով թե երթեւեկության կանոնների, թե ետեւում նստած դողացող ու գունատ ուղեւորի մասին։ Հիշում եմ, մի անգամ նստել էի անցյալ դարի 50-60-ականների արտադրության մի «Москвич» (կարելի է ասել հնություն)։ Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկ, խցանում, ոչ մեկ չի ցանկանում դիմացին զիջել։ Եվ հենց այս պահին վարորդը որոշում է խոյահարման գնալ եւ ամեն գնով, մեծ վճռականությամբ փորձում է դուրս գալ խցանումից։ Ես արդեն պատկերացում էի, թե ինչպես են հարազատներս մի լավ ծիծաղում՝ տեսնելով իմ անշնչացած ու սառը մարմինն այս փտած մեքենայի մեջ։ Բարեբախտաբար «կամիկաձեն» հանգստացավ եւ սեղմեց արգելակը... Խոստովանեք, ուրիշ որտե՞ղ կարելի է փիլիսոփայությամբ եւ սեւ հումորով համեմված ադրենալինի նման չափաբաժին ստանալ. իհարկե, երեւանյան տաքսիներում։

 

 

Էմմա Օ.



© NEWS.am STYLE