Ինչպես է տոնել իր 12-ամյակն Իրինա Թովմասյանի դուստր Մեգին (ֆոտոռեպորտաժ)

11:20   26 նոյեմբերի, 2014

Երեկ՝ նոյեմբերի 25-ին, գեղեցկուհի Իրինա Թովմասյանի դուստրը՝ Մեգին, իր ընկերների հետ տոնում էր իր տարեդարձը: 12-ամյա Մեգին կեսգիշերն անց սկսել է շնորհավորանքներ ստանալ: Նրան առաջինը շնորհավորել են ծնողներն ու տատիկը:

«Ես զգում էի, որ ծնողներս ինչ-որ անակնկալ են պատրաստել ինձ համար: Եվ երբ տատիկս ինձ ասում էր՝ «դե Մեգի, գնա քնելու», անընդհատ հետաձգում էի՝ ասելով, որ երգիս բառերն եմ կրկնում: Այնուհետեւ տատիկս ինձ պառկեցրեց քնելու: Սակայն տասներկուսին մայրիկս, հայիկս եւ տատիկս ներս մտան փուչիկներով եւ շնորհավորեցին ինձ»,- NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասաց Մեգին:

Տաղանդավոր երգչուհին դեռեւս երկու ամիս առաջ էր սկսել պատրաստվել իր տարեդարձին:

«Մեգիի համար իր ծննդյան օրը մեծ տոն է, քանի որ նա այդ օրն անում է այն, ինչ ցանկանում է: Առավոտյան Մեգին նախաճաշում է իր անկողնում, ուտում է այն, ինչ ցանկանում է կամ էլ չի ուտում: Եվ եթե ինչ-ինչ պատճառներով ցանկանում ենք բարկանալ, նա ասում է՝ «մի մոռացեք այսօր իմ ծնունդն է» (ժպտում է): Իր տարեդարձը միշտ յուրահատուկ է անցնում:  Նա դեռեւս երկու ամիս առաջ արդեն սկսել էր կազմել հյուրերի ցուցակը, մտածել՝ ինչպես անցկացնի այդ օրը: Դե, պատկերացրեք, թե ինչպիսին է եղել վերջին օրերին»,- պատմեց Իրինան՝ մաղթելով դստերը՝ «Երջանկության զգացողությունը թող միշտ նրան ուղեկից լինի, եւ նա մնա այնպիսին, ինչպիսին որ կա: Մեգին շատ բարի է, հոգատար, աշխատասեր: Փողոցում, երբ հանդիպում ենք մուրացկանի, նա միանգամից աչքերը լցնում է: Եվ նման մարդկանց կողքով մենք անտարբեր չենք կարող անցնել, եթե ես անտարբեր անցնեմ, ապա նա ինձանից էլ կնեղանա: Մեգին շատ զգացմունքային էակ է: Նրան յուրահատուկ ձեւով եմ ընդունում եւ սիրում: Միգուցե, նրանից է, որ նա իմ առաջնեկն է, եւ բացի այդ Մեգին արդեն մեծ է. երբեմն ասես ընկերուհիս լինի: Չեմ կարող բացատրել՝ ինչու»:

Մեգին իր հյուրերին մի շարք անակնկալներ էր պատրաստել՝ կատարելով հին ու նոր երգեր իր երգացանկից։ Ի դեպ, կայացավ նաեւ զինվորներին նվիրված երգի պրեմիերան (հեղինակ՝ Սուսաննա Բարսեղյան), եւ հենց այդ երգով Մեգին ազդարարեց գեղեցիկ երեկոյի սկիզբը: Իսկ հետո փոքրիկներին միացավ ծաղրածուն, ով հետաքրքիր խաղեր կազմակերպեց եւ երեխաների օրն անմոռանալի դարձրեց:

Անակնկալների սիրահար հոբելյարը ծննդյան առթիվ բազում նվերներ ստացավ:

«Շատ եմ սիրում նվերներ ստանալ: Բայց ասեմ, որ չեմ սիրում, երբ տարեդարձիս հագուստ են ինձ նվիրում: Ես ավելի շատ նախընտրում եմ աքսեսուարներ»,- նշեց Մեգին:

Մեգիի տարեդարձին ներկա էր նաեւ իր մորաքույր Լուսինե Թովմասյանը:

«Մեգին ինձ համար կարծես փոքրիկ քույր լինի: Նրա հետ ես մեկ այլ ձեւով եմ կապված: Շատ-շատ եմ սիրում նրան: Այսօր նրան նվիրել եմ խաչից վզնոց, որից ես եւ Իրինան էլ ունենք: Երբ մենք՝ երկու քույրերով, ինչ-որ միանման իր ենք ունենում, նա ասում է, որ ինքն էլ կցանկանար ունենալ (ժպտում է): Եվ որոշեցինք նրան էլ նվիրել այդ վզնոցից»,- ասաց Լուսինեն՝ ավելացնելով. «Աշխարհի ամենալավ բաներն եմ մաղթում: Թող որ իր բոլոր երազանքներն իրականանան»:

NEWS.am STYLE-ը միանում է բոլոր շնորհավորանքներին եւ մաղթում հոբելյարին՝ երազանքների իրականացում եւ նորանոր ձեռքբերումներ:

Մելինե Տոնոյան 



© NEWS.am STYLE