Փոքրիկ երգչուհի Մերի Քոչարյանը Հայաստանը կներկայացնի «Բալթյան երկրների գավաթում»

14:56   26 նոյեմբերի, 2014

Առնո Բաբաջանյան համերգասրահում կայացել է «Կատարողական արվեստի աշխարհի գավաթի 2014թ.» առաջնությունը, որին մասնակցում էին երգի և պարի բնագավառը ներկայացնող 18 օտարերկրյա պետություններից ժամանած մասնակիցներ, իսկ հայաստանյան մասնակիցները ոչ միայն Երևանից էին, այլև` Արցախից, Գյումրիից, Հրազդանից, Վանաձորից, Վեդիից, Արարատից, Արտաշատից, Մասիսից:

 

Ժյուրիի կազմը ևս տարբեր ազգերի ներկայացուցիչներից էր բաղկացած` Բրազիլիա, Ուկրաինա, Մոլդովա եւ Հայաստան: Մրցույթի կազմակերպիչն էր Արման Ղուկասյանը:

Մասնակիցների ելույթները ներկայցվեցին 6 տարիքային խմբերով: Հայաստանը ներկայացնող փոքրիկ երգչուհի Մերի Քոչարյանը, հանդես գալով  9-12 տարիքային խմբում, զբաղեցրեց առաջին պատվավոր հորիզոնականը` արժանանալով մեդալի և պատվոգրի: Մրցութային փուլի ընթացքում Մերին կատարեց 2 երգ՝ հայերեն և անգլերեն լեզուներով:

 

Մրցանակաբաշխության ընթացքում, ժուրիի անդամների որոշմամբ, փոքրիկ Մերիին արժանացրեցին ուղեգրերի: Այսպիսով, 2015 թ.-ին Մերի Քոչարյանը Մակեդոնիայում կմասնակցի «Բալթյան երկրների գավաթին» և Բուլղարիայում կայանալիք երգի մրցույթին:

«Շատ ուրախ եմ, որ ներկայացնելու եմ իմ հայրենիքը արտերկրում և, իհարկե, անչափ շնորհակալ եմ իմ վոկալի դասախոս Մերի Կարապետյանին»,-նշել է Մերին:

 



© NEWS.am STYLE