Հայաստանն այլեւս չի գնա Յուրմալա՝ «Նոր ալիք» մրցույթին

11:03   28 նոյեմբերի, 2014

Հանգիստ, առանց խուճապի։ Խոսքը դեռ մրցույթի մասին չէ, այլ դրա անցկացման վայրի։  «Նոր ալիք» միջազգային մրցույթի ղեկավարությունը մինչեւ 2014թ-ի վերջ հստակ որոշում կկայացնի, թե մյուս տարի որտեղ պետք է անցկացվի այս մրցույթը։ Թեկնածու վայրերի թվում են Ղրիմը, Սոչին, Բաքուն, Կալինինգրադն ու Կազանը։

«Մենք բոլոր տարբերակները քննարկում ենք, եւ ես մինչեւ տարվա վերջ պետք է որոշում կայացնեմ, որպեսզի հասցնենք մյուս մրցույթի կազմակերպչական աշխատանքները ճիշտ ժամանակին կատարել»,-ասել է մրցույթի նախագահ Իգոր Կրուտոյը։

Իր հերթին հայտնի երգահան Ռայմոնդ Պաուլսը, ով Կրուտոյի հետ միասին այս նախագծի հեղինակներից մեկն է, հաստատել է, որ պետք է փոխել մրցույթի անցկացման վայրը.

«Այդպես էլ պետք է լիներ, որովհետեւ այստեղ (Լատվիայում) շատերը, բայց ոչ բոլորը, բացասաբար են վերաբերում «Նոր ալիքին»։ Կարծում եմ, որ շատ  ճիշտ որոշում է։ Չեն ցանկանում, որ Լատվիայում անցկացվի, այդպես էլ կլինի»,-ասել է երգահանը։

Նշենք, որ նման որոշման դրդապատճառն այս տարի տեղի ունեցած սկանդալային պատմություններ էին, երբ մրցույթի նախօրեին Լատվիայի ԱԳՆ թույլ չտվեց ռուսական շոու-բիզնեսի մի շարք ներկայացուցիչներին, այդ թվում՝ Իոսիֆ Կոբզոնին, Օլեգ Գազմանովին եւ Վալերիային, մուտք գործել երկիր։

 

Աղբյուրը՝ Dni



© NEWS.am STYLE