Exclusive. «Առաջին անգամ խաղացել եմ ինձ հետ կապ չունեցող կնոջ». Անժելա Սարգսյան

11:32   6 դեկտեմբերի, 2014

NEWS.am STYLE-ը դերասաններ Անժելա Սարգսյանի, Սոս Ջանիբեկյանի, Լուիզա Ներսիսյանի եւ Սերգեյ Դանիելյանի «արկածների» մասին արդեն պատմել է իր ընթերցողներին: Ռեժիսոր Ռոման Մուշեղյանի «թեթեւ ձեռքով» դերասանները հայտնվել են «դրախտում», այլ կերպ ասած՝ Շրի Լանկայում, որտեղ ընթացել են նրա ֆիլմի նկարահանումները: NEWS.am STYLE-ը զրուցել է ֆիլմի դերասաններից Անժելա Սարգսյանի հետ, ով մեզ հետ զրույցում պատմել է նկարահանման ընթացքի, իր դերի եւ գործընկերների հետ հարաբերությունների մասին:

«Ֆիլմ դրախտում» աշխատանքային անվանումով ժապավենն առաջին գեղարվեստական ֆիլմը չէ, որում նկարահանվել է դերասանուհին: Անժելան առաջին անգամ գեղֆիլմում նկարահանվել է դեռեւս 19 տարեկանում: Ինչպես տեղյակ եք, սերիալներից հայտնի դերասանուհին վերջերս չի երեւում հեռուստաէկրաններին. բավարարվում է թատրոնի աշխատանքով, սակայն Ռոման Մուշեղյանի՝ գեղֆիլմում նկարահանվելու առաջարկը չի մերժել:

«Առաջարկը եղել է Ռոման Մուշեղյանի կողմից, մեք դեռ «Որոգայթում» ենք միասին աշխատել: Այս ընթացքում առաջարկներ շատ են եղել, պարզապես ինձ հարմար չեն եղել այդ դերերը, իսկ համաձայնվեցի նկարահանվել այս ֆիլմում, որովհետեւ դերը եւ ձեւաչափը հետաքրքրեց: Առաջին անգամ խաղացել եմ ինձ հետ կապ չունեցող կնոջ»,-նշեց Անժելան:

Նրա խոսքով՝ նկարահանումներն ընթացել են շատ դրական մթնոլորտում եւ կարճ ժամանակահատվածում:

«Բավականին հետաքրքիր նկարահանումներ ենք ունեցել: Շատ պոզիտիվ 14 օր՝ լավ մարդկանցով, ուրախ, հետաքրքիր նկարահանումներ: Կոլեգաներիցս միայն Սոսի հետ էի աշխատել նախկինում: Լուիզայի հետ երկու օր եմ աշխատել, բավականին հետաքրքիր էր, իսկ Սերգեյի հետ անհնար էր առանց ծիծաղի՝ դեռ ճանապարհից սկսած»,-ասաց դերասանուհին:

Հիշեցնենք, որ ֆիլմի ռեժիսոր Ռոման Մուշեղյանը NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասել էր, որ ֆիլմը մեծ էկրաններ կբարձրանա 2015 թվականի գարնանը:

Զրուցեց՝ Շ.Շ.



© NEWS.am STYLE