Հնդկաստանում ահաբեկչություն կազմակերպելու կասկածանքով ուկրաինացի հաղորդավարուհին ձերբակալվել է

13:30   18 դեկտեմբերի, 2014

«Орел и Решка» ծրագրի հաղորդավարուհի Ռեգինա Տոդորենկոյին ձերբակալել են Հնդկաստանում՝ կասկածելով նրան ահաբեկչություն կազմակերպելու մեջ։

Ինչպես հայտնել է obozrevatel.com-ը՝ նկարահանող խումբը ցանկացել է նյութ պատրաստել Հնդկաստանի Ջայպուր քաղաքում եւ մեկնել է Դելի։

Ճանապարհին նկարահանող խմբին զանգել է իրենց մենեջերը եւ տեղեկացրել, որ նրանք հետախուզման մեջ են եւ Ջայպուրում մշակել են հատուկ պլան՝ նրանց ձերբակալելու համար։ Նրանք պետք է անհապաղ ետ վերադառնան։

Կարծելով, որ ինչ-որ թյուրիմացություն է տեղի ունեցել նկարահանող խումբը գնացել է հյուրանոց եւ տեսել, որ 15 ոստիկան, ազգային անվտանգության եւ ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակիցները սպասում են նրանց։

Պարզվել է, որ այս իրարանցումը սկսվել է այն բանից, որ այս երկրում չի թույլատրվում նկարահանումներ կատարել եւ հենց այս հանգամանքն էլ կասկածելի է եղել ոստիկանների համար։ Սակայն օրենքներին քաջատեղյակ չլինելը նրանց պատասխանատվությունից չի ազատել, եւ ոստիկանները մտադիր են եղել ձերբակալել նրանց, ինչպես նաեւ վերցնել  նկարահանված նյութերը։ Հեռուստադիտողները «Орел и Решка» ծրագրի նոր եթերաշրջանի առաջին հաղորդումը չէին տեսնի, եթե չլիներ Ռեգինա Տոդորենկոն։

-Ես հասցրեցի պահել նկարահանված նյութերի հիշողության քարտերը, քանի որ իսկապես մեծ աշխատանք էինք կատարել։ Անգամ ինքնաթիռ նստելուց ես վախենում էի, որ հիմա բարձրախոսով իմ անունը կհայտարարեն եւ ամեն ինչ կվերցնեն։

Բարեբախտաբար ամեն ինչ առանց լուրջ միջադեպերի ու խնդիրների է անցել, քանի որ ոստիկանները, համոզվելով, որ նրանք ոչ մի ահաբեկչություն կազմակերպելու մտադրություն չունեն,  բաց են թողել եւ հաղորդավարուհուն, եւ նկարահանող խմբի մյուս աշխատակիցներին։ Սակայն նրանք ստիպված են եղել 300 ռուփի տուգանք վճարել։



© NEWS.am STYLE