Ինչպե՞ս երազանք պահել Ամանորի գիշերը

15:17   26 դեկտեմբերի, 2014

Մոտենում է ամենահեքիաթային ու սպասված տոնը՝ Ամանորը, երբ գրեթե ամբողջ աշխարհում մարդիկ շունչը պահած հետեւում են ժամացույցի սլաքներին եւ երազանք պահում՝ մուտք գործելով Նոր տարի: Ասում են՝ Ամանորի գիշերը պահված երազանքներն անպայման իրականանում են տարվա ընթացքում: Իսկ ինչպե՞ս պահել ամանորյա երազանքը՝ մտքու՞մ, թե՞ գրել թղթի վրա... NEWS.am STYLE-ը կօգնի ձեզ նաեւ այդ հարցում: Ստորեւ ներկայացնում ենք Ամանորի գիշերը երազանք պահելու մի քանի պարզ եղանակ:

1. Թուղթ եւ շամպայն: Այս տարբերակը, թերեւս, ամենատարածվածներից է: Մինչեւ 12-ը զարկելը, դուք պետք է գրեք ձեր երազանքը թղթի վրա, բաժակի մեջ լցնեք շամպայնն ու երբ ժամացույցի սլաքները կուղղվեն դեպի 12-ը, արագ պետք է վառեք թուղթը, մոխիրը լցնեք բաժակի մեջ եւ խմեք:

2. 12 ցանկություն: 12 տարբեր թղթերի վրա ցանկություններ գրեք եւ Ամանորի գիշերը դրեք բարձի տակ: Առավոտյան արթնանալուն պես՝ բարձի տակից հանեք որեւէ թուղթ: Այն, ինչ գրված կլինի թղթի վրա, դա էլ կիրականանա հաջորդ տարի:

3. Մատանի: Հենց 12-ը զարկի, անմիջապես մատանի գցեք ջրով լի բաժակի մեջ եւ հաշվեք ջրի վրա առաջացած կլորակների թիվը: Եթե զույգ թիվ լինի, ապա երազանքը կիրականանա:

4. 2 թուղթ: 12-ը զարկելուն պես՝ վերցրեք թղթի երկու կտոր, մեկի վրա նշան արեք, ապա երկուսն էլ պատուհանից դուրս նետեք: Եթե նշանով թուղթն առաջինը ընկնի, ապա ձեր երազանքը կիրականանա:

5. Բրինձի միջոցով: Վերցրեք բրինձով լի բաժակը, ձախ ձեռքը՝ ափով դեպի ներքեւ, պահեք բաժակի վրա եւ բարձրաձայն երազանք պահեք: Ապա մի բուռ բրինձ վերցրեք, լցրեք անձեռոցիկի վրա եւ հաշվեք բրնձի հատիկների քանակը: Եթե զույգ թիվ ստացվեց, ապա երազանքը կիրականանա:

6. Խաղողի հատիկներով: 12-ը զարկելու ընթացքում պետք է խաղողի 12 հատիկ ուտեք՝ 12 երազանք պահելով եւ յուրաքանչյուր հատիկի հետեւեից մեկ կում շամպայն խմելով:

7. Հեռախոսի միջոցով: Ամանորի գիշերը բարձրաձայն երազանք պահեք՝ նայելով ձեր հեռախոսին: Եթե առաջին զանգը լինի տղամարդու կողմից, երազանքը կիրականանա, իսկ եթե զանգահարողը կին լինի, ապա՝ ոչ:

Պատրաստեց՝ Շ.Շ.



© NEWS.am STYLE