Rolling Stone. Սերժ Թանկյանը՝ Ցեղասպանության, Երեւանում կայանալիք համերգի եւ Քիմ Քարդաշյանի մասին

13:01   9 հունվարի, 2015

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ System of a Down խմբի պաշտոնական կայքը հայտնել է, որ աշխարհահռչակ այս խումբը մեկնարկում է իր Wake Up The Souls Tour համերգային շրջագայությունը, որը նվիրված է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Խումբը ելույթ կունենա Անգլիայում, Ֆրանսիայում, Հոլանդիայում, Բելգիայում։ Համերգային շրջագայությունը կավարտվի Երեւանում։ Համերգը, որը կանցկացվի livestream ռեժիմով(այսինքն՝ այն առցանց կարող են դիտել աշխարհի բոլոր երկրներում), կկայանա ապրիլի 23-ին Հանրապետության հրապարակում:

Wake Up The Souls Tour շրջագայության առթիվ աշխարհահռչակ Rolling Stone ամսագիրը հրապարակել է Սերժ Թանկյանի հետ անցկացրած հարցազրույցը: Նշենք, որ Սերժ Թանկյանը System of a Down խմբի ստեղծման առաջին օրից բարձրացնում է Հայոց Ցեղասպանության հարցը, եւ հենց նրա շնորհիվ քաղաքական եւ մշակութային շատ գործիչներ սկսեցին ուշադրություն դարձնել այս թեմային: Ի դեպ, System of a Down-ի պաշտոնական կայքում կարելի է տեսնել հատուկ մի քարտեզ, որտեղ նշված են Հայոց Ցեղասպանությունը ճանաչած բոլոր երկրները: Խումբը կոչ է անում իր բոլոր երկրապագուներին «ստիպել» Թուրքիայի խորհրդարանին ճանաչել կատարված հանցանքը:

«Խնդիրն այն է, որ մարդիկ դեռ շարունակում են Ցեղասպանություն կատարել եւ կարեւոր չէ, արդյոք այսօր դուք «ցեղասպանություն», «հոլոքոստ» կամ «մարդասիրական աղետ» եզրերը օգտագործում եք, թե ոչ. արդյունքում իմաստը չի փոխվում: Խումբը ցանկանում է, որ փոփոխություններ տեղի ունենան, եւ մենք ցանկանում ենք լինել այդ փոփոխությունների մի մասնիկը: Մենք ցանկանում ենք, որ ճանաչեն 20-րդ դարի առաջին Ցեղասպանությունը: Սա հնարավորություն է տալիս հավատալ նրան, որ մարդկությունը, ի վերջո, կդադարի սպանել ինքն իրեն:

Խմբի բոլոր անդամները Ցեղասպանությունը վերապրած մարդկանց ժառանգներն են: Շատ տրամաբանական կլիներ, որ մեր՝ այս հարցի լուծմանն ուղղված ամբողջ աշխատանքը վերջապես իր արդյուքն ունենար: Թուրքիան պետք է լուրջ մոտեցում ցուցաբերի իր պատմությանը: Հարցը միայն հայերի, հույների եւ ասորիների մասին չէ, այլ թե ինչ է այժմ կատարվում ամբողջ աշխարհում: Ոչ ՄԱԿ-ի, ոչ էլ ԱՄՆ-ի հովանու տակ գտնվող միջազգային կազմակերպությունները կամ մեկ այլ պետություն չի կարող միջոցներ, բանաձեւեր կիրառել, որոնք հնարավորություն կտան դադարեցնել ու կանխել, ինչպես նաեւ դատապարտել նման ոճրագործությունները:Սիրիայի  Դեր Զորում ISIS-ի զինվորները սպանել են հազարավոր անմեղ մարդկանց եւ դրանից արդեն անցել է 100 տարի, խորհրդանշական է, այնպես չէ՞:

Իմ հանգուցյալ պապիկը, ով վերապրել է այդ բոլոր սարսափները եւ անցել այդ թոհ ու բոհի միջով, մի շարք պատմություններ է պատմել, որոնք մենք նկարահանել ենք «Screamers» ֆիլմում, քանի որ այս ոճրագործության վկաները, հասկանալի պատճառներով, ժամանակին զուգընթաց ավելի ու ավելի նվազում են:

Իսկ ինչ վերաբերում է Երեւան գնալուն, ապա նշեմ, որ խումբն ամբողջ կազմով մեկնելու է  Հայաստան: Նախկինում ես այնտեղ ելույթ եմ ունեցել որպես մենակատար, եւ դա մեծ փորձ էր ինձ համար: Կարծում եմ հիանալի համերգ է լինելու:

Մենք մտադիր էինք նաեւ երգել Թուրքիայում, բայց մեզ այնտեղ թույլ չտվեցին ելույթ ունենալ. կարծում եմ, որ պատճառը մեր մեծ հետաքրքրությունն էր Ցեղասպանության թեմայով: Մենք շատ երկրպագուներ ունենք Թուրքիայում եւ կցանկանայինք նաեւ նրանց համար ելույթ ունենալ: Մեզ վրա սկսեցին ցեխ շպրտել, մամուլում մեր մասին Աստված գիտի, թե ինչեր էին գրում, որոնք բնականաբար չէիր համապատասխանում իրականությանը: Մեր պաշտոնական կայքում մենք իհարկե հերքեցինք այդ ամենը: Դրանից հետո Թուրքիայում ապրող մեր երկրպագուները քննադատել էին տեղի լրագրողներին ու խմբագիրներին՝ մեղադրելով նրանց ապատեղեկատվություն տարածելու մեջ: Մենք շատ զարմացել էինք, բայց Թուրքիայում ապրող մեր երկրպագուները պաշտպանեցին մեզ: Հետեւբար կարելի է հանգել այն եզրակացության, որ միաբեւեռ հասարակություն գոյություն չունի:

Կարծում եմ, որ Թուրքիան կճանաչի Ցեղասպանությունը: Այս պահին խորհրդարանում քննարկում են Ցեղասպանության մասին բանաձեւը (որը նաեւ ներառում է Հայոց Ցեղասպանությունը): Այն ներկայացրել է քուրդ պատգամավոր Սեբահաթ Թունջելը: Վստահ չեմ, որ բանաձեւը կընդունվի, բայց սա արդեն լուրջ քայլ է: Ի դեպ, ես Լոս Անջելեսում զբաղված եմ Ցեղասպանության մասին ֆիլմի նկարահանման աշխատանքներով:

Ես նաեւ ցանկանում եմ խոսել աշխարհի բոլոր ծայրերում ապրող այն հայերի մասին, ովքեր ինչ-որ կերպ փորձում են օգնել այս հարցի ճանաչման գործում: Որքան էլ մարդիկ քննադատում են Քիմ Քարդաշյանին, բայց նա ամեն տարի ապրիլի 24-ին բարձրաձայնում է այս թեմայի մասին եւ հարգանքի տուրք մատուցում զոհվածների հիշատակին: Իսկ սա շատ կարեւոր է. չէ՞ որ նրա Twitter-յան էջում ավելի շատ բաժանորդագրվածներ կան, քան իմ էջում»:

 

 

 



© NEWS.am STYLE