Ալեգրովան սիրում է Հայաստանն ու հայկական խոհանոցը. մարտին երգչուհին Երեւանում մենահամերգ կունենա

11:25   23 հունվարի, 2015

Մարտի 6-ին Երեւանի մարզահամերգային համալիրում կկայանա Իրինա Ալեգրովայի մենահամերգը։ Համերգը կազմակերպել է «Forpostart» ընկերությունը, որն այս ասպարեզում է  շուրջ 20 տարի։ NEWS.am STYLE-ը Ալեգրովայի համերգի, «Forpostart»-ի գործունեության եւ հայկական շուո-բիզնեսում տիրող իրավիճակի վերաբերյալ զրուցել է կազմակերպության հիմնադիր Զառա Մխեյանի հետ։

 

Արդեն 20 տարի է՝ Զառա Մխեյանը համերգներ եւ այլ միջոցառումներ է կազմակերպում Երեւանում՝ մայրաքաղաք բերելով Ռուսաստանի հայտնի աստղերին։ Մեզ հետ զրույցում երեք մասնագիտություն ունեցող Զառան ասաց, որ իր գործունեությունը սկսել է նորաձեւության ոլորտում։

Ողջույն, Զառա, կպատմե­՞ք մի փոքր, թե ինչպես որոշեցիք հիմնել Ձեր ընկերությունն ու զբաղվել համերգների կազմակերպմամբ։

Դեռեւս ուսանող տարիներից իմ մեջ եղել են լիդերի հատկանիշեր, եւ արդեն չորրորդ կուրսում ես մեկնեցի Մոսկվա՝ զբաղվելու մոդելավորմամբ, որտեղ հիմնեցի իմ սեփական արտադրամասը։ Այնուհետ ստեղծեցի մոդելային գործակալություն եւ կազմակերպեցի իմ լավագույն նախագծերից մեկը՝ «Армянский силует»-ը։  Հենց այդ ժամանակ էլ սկսեցի աստղեր հրավիրել Հայաստան։ Առաջինը Ավրաամ Ռուսոն էր։ Իմ մեջ միշտ եղել է այդ կազմակերպչական ջիղը։ Բացի համերգներից, կազմակերպել եմ նաեւ փառատոներ, ցուցահանդեսներ, թատրոններ եւ այլն։

Տատու, Դիմա Բիլան, Ստաս Միխայլով, Ալլա Պուգաչովա, Մաքսիմ Գալկին. բոլորին մենք են բերել Հայաստան։

Մարտի 6-ին Իրինա Ալեգրովան Երեւանում մենահամերգ է ունենալու, սակայն մինչ այդ հայտարարել էր, թե լքում է բեմը։ Ինչպե՞ս ստացվեց, որ նա կրկին բեմում է։

Այո’, 2012 թվականին նա հայտարարեց, որ հրաժեշտ է տալիս բեմին, եւ այդ կապակցությամբ համաշխարհային շրջագայություն ունեցավ, որն ընդգրկեց ռեկորդային թվով քաղաքներ։ Սակայն այս երկու տարվա ընթացքում նրա երկրպագուները ուղղակի գրոհել էին երգչուհու պրոդյուսերներին, նրա ֆորումները՝ ցանկանալով երգչուհուն նորից տեսնել բեմում, եւ որոշվեց, որ Ալեգրովան կրկին բեմում կլինի, ինչպես ժողովուրդն է պահանջում։

Արտասահմանյան աստղերին հատուկ են քմահաճությունները։ Ալեգրովան ունի՞ հատուկ պահանջներ։

Նման քմահաճություններ նրա մոտ չկան։ Նա շատ սիրում է Հայաստանն ու հայկական խոհանոցը։ Նրա մոտ շատ խիստ են տեխնիկական պահանջները, որն, ըստ իս, նորմալ է։

Իսկ այդ տեխնիկական պահանջները կարողանու՞մ ենք ապահովել, թե՞ զիջում ենք այդ հարցում։

Զիջում ենք։ Ամենակարեւորը՝ չունենք պրոֆեիսոնալ կադրեր։ Պուգաչովայի համերգի համար դրսից եմ բերել մասնագետներ եւ շուրջ 60 տոննա տեխնիկա։ Համալիրում այսօր այնպիսի տեխնիկա է, որն ամեն մարդ չի կարող աշխատացնել։ Եղել են դեպքեր, որ մարդկանց ուղարկել ենք մեկ ամսով Մոսկվա՝ սովորելու, որ համերգը կայանա։

 

Շոու-բիզնեսի ներկայիս նորահայտ դեմքերի կողքին՝ որքանո՞վ են Ալեգրովան ու նրա նման կատարողները պահանջված։

Հայաստանից էլ են շատ գրություննր, նամակներ եղել Ալեգրովայի կայքի ֆորումում, նույնիսկ ֆան ակումբ ունենք Հայաստանում։  Նրա նախորդ համերգի բոլոր տոմսերը վաճառված են եղել, պարզապես ես մի բան կարող եմ ասել, որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, ճգնաժամը գլուխ է բարձրացնում։ Ես դա ստույգ եմ ասում, որովհետեւ մենք ուղղակի համերգ չենք կազմակերպում, այլ մոնիթորինգ ենք անում ամեն ինչ։  Ալեգրովայի նախորդ համերգի տոմսերի գինը սկսվում էր 5 հազար դրամից, միջին գինը 25 հազար դրամ էր, եւ, ցավոք, ինտելեգենցիայի ներկայացուցիչներից շատերը՝ ուսուցիչները, բժիշկները, չեն կարողացել ներկա գտնվել համերգին, որովհետեւ հնարավորություն չեն ունեցել։ Այս տարի տոմսերը սկսվում են 6 հազար դրամից, սակայն միջին գինն արդեն 10-15 հազար դրամ է, որը, կարծում եմ, նորմալ գին է։

Զրուցեց՝ Շուշան Շատիկյանը



© NEWS.am STYLE