Ինչ հագնել ժամադրության գնալիս

20:27   23 հունվարի, 2015

Ժամադրությունը աղջկա կյանքում կարեւոր իրադարձություններից է, որը պատվով հաղթահարելը ինքնավստահություն է ներշնչում նրանց, իսկ եթե ինչ-որ բան հանկարծ այնպես չի լինում, ապա շատ աղջիկներ իրենց դատապարտում են հուսահատության: Ռոմանտիկ ժամադրությանը լավ տպավորություն թողնելու համար առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել արտաքինին: Իզուր չէ ասված, որ մարդուն դիմավորում են իր արտաքինով, ճանապարհում` ներքինով: Այդ է պատճառը, թերեւս, որ շատ աղջիկներ փորձում են հնարավորինս գեղեցիկ տեսք ունենալ` հաճախ մոռանալով չափի զգացողության մասին: Սույն հոդվածում մենք կներկայացնենք ժամադրության, այսպես ասած, դրես կոդը:

Իհարկե, դուք ցանկանում եք գեղեցիկ եւ ցանկալի լինել, որպեսզի գրավեք ձեր զրուցակցին, սակայն չպետք է մոռանալ, որ ժամադրության ընթացքում դուք նաեւ պետք է խոսեք` փորձելով ճանաչել միմյանց ներաշխարհը: Մի պահ մտածեք` ինչ կշահեք դուք, եթե նրա ուշադրությունն ամբողջությամբ սեւեռված լինի ձեր մարմնի բարեմասնություններին: Արդյոք դա տեղին կլինի առաջին ժամադրության ժամանակ եւ արդյոք ճիշտ է, երբ մարդ սիրահարվում է արտաքինին` մոռանալով ներքինի մասին: Ըստ այդմ, բացառեք չափազանց բաց եւ սեքսուալ հագուստը: Մինի շրջազգեստ տեղին չի լինի, ավելի լավ է ընտրեք միդի չափսի շրջազգեստ: Խուսափեք անթեւ բլուզներից կամ չափից դուրս բաց լանջաբացվածքով զգեստներից:

Ի դեպ, զգեստների մասին: Սովորաբար ժամադրության հրավիրում են ռեստորան, սրճարան, թատրոն, մի խոսքով` ժամանցի վայրեր: Եթե դուք նախապես չգիտեք, թե ուր եք գնալու, ապա կոկտեյլային, ճչան զգեստները, բարձրակրունկերը կարող են տեղին չլինել, օրինակ, կինոթատրոնում, իսկ ջինսե տաբատը` ռեստորանում: Այնպես որ, խուսափեք չափից դուրս շքեղ զգեստներից, զարդերից, ինչպես նաեւ ազատ ոճի հագուստից: Ոչ մի դեպքում ժամադրության չի կարելի գնալ կեդերով, ջինսից տաբատով կամ, առավել եւս, շորտերով, եթե, իհարկե, նա ձեզ այգի զբոսանքի կամ պիկնիկի չի հրավիրել:


Իսկ հիմա շպարի մասին: Մեզ թվում է, թե առաջին տպավորությունն ամենակարեւորն է, որ դրանից հետո այլեւս ոչինչ չես կարող փոխել, բայց իզուր: Իհարկե, դուք երբեք հնարավորություն չեք ունենա` թողնելու համար առաջին տպավորություն, սակայն միշտ կա երկրորդ հնարավորությունը, եւ, սովորաբար, այդ երկրորդ հնարավորության ժամանակ էլ մենք ցույց ենք տալիս մեր իրական դեմքը` բառիս բուն եւ փոխաբերական իմաստով: Դուք բոլոր ժամադրություններին չեք կարող գերխնմաված, գերշպարված տեսքով գնալ: Չէ՞ որ կարող են հանպատրաստից հրավերներ լինել, որոնք հնարավոր է չկարողանաք մերժել: Եվ այստեղ է, որ երբեմն ստիպված եք նրա առջեւ ներկայանալ առանց դրմահարդարման, ճոխ զարդերի եւ զգեստների: Սա կարող է անսովոր թվալ տղաներին, ովքեր ձեզ միշտ գերխնամված  են տեսնել, եւ որոշները հնարավոր է հիասթափվեն, սակայն նրանք, ում դուք գրավել եք ոչ թե ձեր արտաքին տվյալներով, այլ ձեր աշխարհհայացքով եւ մտածելակերպով, կմնան ձեր կողքին եւ անպայման կասեն` «դու առանց դիմահարդարման ավելի գեղեցիկ ես»:

Հեղինակ` Աշա



© NEWS.am STYLE