Կոլումբիացի Պաուլինա Վեգան «Միսս տիեզերք-2014»-ի հաղթողն է

08:43   26 հունվարի, 2015

Մայամիում հունվարի 25-ին կայացել է «Միսս տիեզերք-2014» մրցույթը, որի հաղթող է ճանաչվել Կոլումբիայի ներկայացուցիչ Պաուլինա Վեգան, հայտնում է zap2it.com-ը: Երկրորդ տեղում է ԱՄՆ-ի ներկայացուցիչը, երրորդում՝ Ուկրաինայինը:


Մրցույթի հաղթողը թագը ստացել է «Միսս տիեզերք-2013»-ի հաղթող վենեսուելացի Գաբրիելա Այլերի ձեռքից:
Նշվում է, որ նա առաջինն է ճանաչվել «Միսս տիեզերք-2014»-ի 88 մասնակիցներից:


Վեգան ծնվել է 1993թ. հունվարի 15-ին, ութ տարի է՝ մոդել է աշխատում: Աղջիկը բազմանդամ երաժշտական ընտանիքից է:


Մրցույթին մասնակցում էր նաեւ հայուհի Յոհանա Ռիվա Կարապետյանը, որը ներկայացնում էր Ուրուգվայը:



© NEWS.am STYLE