Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ. աղի բլիթ, փոխինդով սկուտեղ եւ օրհնություն

20:54   26 հունվարի, 2015

Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ Ս. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: Այս տարի Սուրբ Սարգսի տոնը հունվարի 31-ին է: Հունվարի 30-ից սկսած` մայրաքաղաքում մի շարք միջոցառումներ են նախատեսված, սակայն մինչ այդ առաջարկում ենք ծանոթանալ տոնի խորհրդի, ավանդույթների եւ հավատալիքների հետ:

Ըստ ժողովրդական ավանդույթի, Սուրբ Սարգսի տոնին երիտասարդաներն աղի բլիթ են ուտում քնելուց առաջ, որպեսզի երազում տեսնեն իրենց կեսին, ով ջրով լի բաժակ կտա: Շատ կարեւոր է դիմանալ ու ամբողջ գիշեր ջուր չխմել: Չէ՞ որ բլիթը հենց դրա համար են աղի անում, որպեսզի ծարավեք, ու այդ ծարավը երազում հագեցնի ձեր սիրելին:

Ի դեպ, մարդկանց շրջանում թյուր կարծիք կա տարածված, թե աղի բլիթը պետք է անպայման պատրաստված լինի այրի կնոջ ձեռքով: Նման բան չկա, ուստի դուք ինքներդ կարող եք ձեր ձեռքերով պատրաստել բլիթը: Ի դեպ, դրա պատրաստման եղանակն ու բաղադրատոմսը NEWS.am STYLE-ը կներկայացնի մոտ օրերս, իսկ այժմ պարզապես նշենք, որ աղի բլիթը պետք է ուտել հունվարի 30-ի երեկոյան:

Եվս մեկ հրաշալի սովորույթ կա այս տոնի հետ կապված: Սուրբ Սարգիս Զորավարը համարվում է սիրո արագահաս բարեխոս, ով իր սպիտակ ձիով օգնության է հասնում սիրահարներին: Շատ երիտասարդներ կարծում են, որ եթե դռան շեմին այլուրով կամ փոխինդով սկուտեղ դնեն Սուրբ Սարգսի տոնին եւ երազանք պահեն, ապա Զորավարը կանցնի իրենց տան մոտով եւ կթողնի սկուտեղի վրա ձիու պայտի հետքն` այդ կերպ իրականացնելով երազանքը:

Տոնի օրը Ս.Սարգիս Զորավարի անունը կրող եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ, որից հետո կատարվում երիտասարդների օրհնության կարգ: 

Պատրաստեց` Շուշան Շատիկյանը



© NEWS.am STYLE