«Եվրատեսիլին» Հայաստանի ներկայացուցիչը ելույթ կունենա առաջին կիսաեզրափակչում

10:05   27 հունվարի, 2015

Վիեննայի քաղաքապետարանում տեղի է ունեցել «Եվրատեսիլ» մրցույթի կիսաեզրափակիչների մասնակիցների վիճակահանությունը։ Այս տարի մրցույթին մասնակցելու է 39 երկիր։ Առաջին կիսաեզրափակչում՝ մայիսի 19-ին, կներկայանան 16 երկրի մասնակից, իսկ երկրորդում՝ մայիսի 21-ին՝ 17 երկիր։

Հայաստանի ներկայացուցիչը ելույթ կունենա առաջին կիսաեզրափակչում՝ մրցելով Հունաստանի, Մակեդոնիայի, Էստոնիայի, Հոլանդիայի, Մոլդովայի, Ֆինլանդիայի, Բելգիայի, Սերբիայի, Դանիայի, Ռումինիայի, Ռուսաստանի, Ալբանիայի, Բելառուսի, Վրաստանի եւ Հունգարիայի մասնակիցների հետ։

Իհարկե, «Մեծ հնգյակի» երկրները (Իտալիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իսպանիա), ինչպես նաեւ մրցույթի կազմակերպող կողմը միանգամից հայտնվում են եզրափակչում, որը տեղի կունենա մայիսի 23-ին։ Սակայն այս երկրները իրավունք ունեն նաեւ քվեարկել կիսաեզրափակչում պայքարող մասնակիցների օգտին. Իսպանիան, Ֆրանսիան եւ Ավստրիան կգնահատեն առաջին կիսաեզրափակչի ելույթները, իսկ Գերմանիան, Մեծ Բրիտանիան եւ Իտալիան՝ երկրորդ։

Ի դեպ, երկու կիսաեզրափակիչների ելույթների հերթականությունը պարզ կլինի ավելի ուշ եւ կորոշեն շոուի պրոդյուսերները։

 

 

Աղբյուրը՝ Eurovision.tv



© NEWS.am STYLE