Ձմեռային դրես կոդ կամ ինչ չի կարելի հագնել ցուրտ եղանակին

16:29   27 հունվարի, 2015

Տարվա յուրաքանչյուր եղանակ ունի իր համապատասխան հագուստը, սակայն ժամանակակից նորաձեւության միտումները, կարծես, վերացրել են բոլոր սահմանափակումները: Հաճախ տարարտեսակ նորաձեւության ցուցադրությունների ժամանակ կամ շոու-բիզնեսի աստղերի մոտ տեսնում ենք ոչ ստանդարտ հագուստ` օրինակ մորթյա վերարկու` բոկոտիկների հետ, եւ շատերին թվում է, թե այդպես հագնվելը ճիշտ է: Թերեւս դա է պատճառը, որ ցուրտ եղանակին, հատկապես` ձմռանը, շատ աղջիկներ տրվում են նորաձեւ միտումներին` մոռանալով հարմարավետության եւ հագուստի` տաք լինելու մասին, մինչդեռ տաք հագուստն առաջին նախապայամններից է ձմեռն առողջ եւ առույգ անցկացնելու համար: 

Սա, կարելի է ասել, հակաձմեռային կերպար է, եւ որպեսզի նման տեսք չունենաք, հետեւեք մեր խորհուրդներին, թե ինչ չի կարելի հագնել ցուրտ եղանակին:

Այն, որ ներկայումս խանութներում կան ձմեռային շորտեր եւ շրջազգեստներ, որոնք կարված են առավել հաստ կտորից, դա դեռ չի նշանակում, որ ամբողջ ձմեռը կարելի է անցկացնել նման հագուստով: Շաբաթվա մեջ մեկ անգամ կարող եք հագնել շորտեր, բայց չպետք է մոռանալ հաստ զուգագուլպայի մասին:

Ընտրեք ցանկացած գույնի եւ հաստության զուգագուլպա, միայն թե` ոչ ցանցային: Դրանով ե'ւ ձեր ոտքերը կսառչեն, ե'ւ ծիծաղելի տեսք կունենաք:

Սպորտային կոշիկները, անշուշտ, շատ հարմարավետ են, սակայն ձմռանը` ձյան եւ սառույցի վրա, դրանք անհարմար են եւ անտեղի:

Պատռված ջինսերը, ճիշտ է` նորաձեւ են, բայց ոչ ձմռանը:

Թափանցիկ, կիսաթափանցիկ բլուզները գարնան եւ ամռան համար են, ուստի թողեք դրանք տարվա առավել տաք եղանակների համար:

Հեղինակ` Աշա



© NEWS.am STYLE