Անջելինա Ջոլին The New York Times-ում գրել է Սիրիայի եւ Իրաքի փախստականների մասին

18:19   28 հունվարի, 2015

Օրեր առաջ Անջելինա Ջոլին խաղաղություն քարոզելու նպատակով մեկնել էր Իրաք։ Նա համաշխարհային առաջնորդներին կոչ էր արել վերջ դնել Սիրիայում եւ Իրաքում տեղի ունեցող ցավալի իրադարձություններին։ Ի դեպ, հայտնի դերասանուհին Իրաք էր ժամանել որպես ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ եւ այցելել էր փախստականների քրդական ճամբար, որը գտնվում է Դոհուկում (Իրաքի հարավում)։

Այնուհետեւ աստղը փախստականների մասին մի հոդված է գրել The New York Times պարբերականում։ Նյութում ասված է, որ նա 2007թ-ից ի վեր հինգ անգամ մեկնել է Իրաք, բայց նման սարսափելի վիճակի ականատեսը դեռ չէր եղել։ Ջոլին նշել է, որ վերջին չորս տարիների ընթացքում Սիրիայում 23 միլիոն բնակչության մոտ կեսը հեռացել է երկրից, իսկ Իրաքում ավելի քան 2 միլիոն մարդ փախել է «պատերազմից եւ ծայրահեղական խմբերի ահաբեկչություններից»։ «Այս փախստականները բազմաթիվ սարսափների ականաատեսն են դարձել»։

Դերասանուհին նաեւ գրել է, որ իր այցելության ժամանակ նա լսել է փախստականների պատմությունները. «Ինչպես կարող ես խոսել քեզ հասակակից մի կնոջ հետ, ով նայում է քո աչքերի մեջ եւ հայտնում, որ իր ամբողջ ընտանիքին սպանել են, եւ նա այժմ միայնակ ապրում է վրանում ու ստանում նվազագույն քանակությամբ սնունդ»։

Ջոլին նաեւ հավելել է, որ փախստականները բավարար չափով մարդասիրական օգնություն չեն ստանում։ Բացի այդ, նա նաեւ բոլորի ուշադրությունն է հրավիրում այն փաստին, որ այս խնդրի լուծման գործընթացում առաջընթաց չի նկատվում։ Բոլորը կենտրոնացած են «մեր սեփական խնդիրների» վրա։ Դերասանուհին կարծում է, որ սա ոչ միայն միլիոնավոր մարդկանց եւ Մերձավոր Արեւելքի ապագայի հարցն է, այլեւ միջազգային համակարգի նկատմամբ անվստահության վտանգ կա։



© NEWS.am STYLE