Երբ փակում ես աչքերդ ու սպասում երազին. Երեւանում կկայանա «Երկնագույն շան աչքերը» ներկայացման պրեմիերան

13:24   29 հունվարի, 2015

«Միշտ ցանկացել եմ լսել, թե սիրտդ ինչպես է բաբախում»:

«Եթե հանդիպենք արթմնի, ականջդ կրծքիս կհպես ու կլսես»:

Սա հատված է Գաբրիել Գարսիա Մարկեսի` «Երկնագույն շան աչքերը» պատմվածքից, որը փետրվարի 10-ին «կբարձրանա» Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի բեմ: Ներկայացման բեմադրիչը Ֆրիդա Յորքն է, ով նաեւ գլխավոր դերակատարներից է, իսկ նրա խաղընկերը Ավո Խալաթյանն է: NEWS. am STYLE-ը զրուցել է Ֆրիդա Յորքի հետ եւ առաջիկա ներկայացման մասին մանրամասներ պարզել:

 

Սա Ձեր առաջի՞ն ներկայացումն է՝ որպես բեմադրիչ։ Կխնդրեմ մի փոքր պատմել Ձեր նախկին եւ ներկայիս գործունեության մասին:

Եթե չհաշվենք ուսանողական տարիների երկու աշխատանքներս, կարելի է առաջինը համարել: Նախ ասեմ, որ առաջին մասնագիտությամբ ես պարուհի եմ: Աշխատել եմ «Բարեկամություն» անսամբլում` որպես պարուհի: Աշխատելու հետ միաժամանակ սովորում էի Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի դրամատիկական թատրոնի ռեժիսուրայի  ֆակուլտետում: Դեռ երրորդ կուրսում հեղինակել եմ «Լիալուսնի գիշերը» ներկայացման գրական մասը եւ պլաստիկան: Ներկայացումը 2004 թվականին մասնակցել է «Հայֆեստ» փառատոնին: Հաջորդն արդեն դիպլոմային ներկայացումս էր` Մրոժեկի «Ամառային օր» պիեսի հիման վրա: Այնպես ստացվեց, որ ինստիտուտն ավարտելուց հետո ավելի շատ դերասանական ուղով շարունակեցի: Ի դեպ, ուսանող տարիներին խաղացել եմ նաեւ Վահան Բադալյանի բեմադրություններում:

Ինչու՞ ընտրեցիք հենց այս պատմվածքը եւ, առհասարակ, ինչու՞ Մարկես:

Մարկեսն իմ ամենասիրելի եւ ինձ ամենամոտ հեղինակներից է: Պատմվածքը շատ վաղուց ինձ հետ էր, հաճախ էի մտածում բեմադրելու մասին: Եկար չէի գտնում բեմական ադապտացիայի լուծումը: Պատմվածքն ինքն իրենով փոքր է շատ, չնայած, որ պարունակությամբ անսահման լի է: Մի գիշեր երազիցս արթնացա ու սկսեցի գրել: Երեւի երկու ժամում վերաջացրեցի պիեսն ու պարզ սկսեցի տեսնել ամբողջ ներկայացումը բեմում: Հաջորդ օրն իսկ անցա դերասան փնտրելու գործին:

 

Ասում են՝ Մարկես բեմադրելը շատ դժվար եւ պատասխանատու գործ է։ Ի՞նչ կասեք այդ մասին։ Հե՞շտ տրվեց Ձեզ բեմադրությունը:

Կարծում եմ` այդպես են ասում նրա մեծության առջեւ խոնարհման զգացումից: Պատասխանատու է, որովհետեւ չի կարելի փչացնել: Երազի պես է տրվել: Այնպես, ինչպես իր ստեծագործություններում է:

Ո՞րն է մարկեսյան այս պատմվածքի Ձեր մեկնաբանությունը եւ ասելիքը:

Ես որպես հիմք եմ վերցրել պատմվածքի` երազի եւ իրականության, բախման եւ անհամատեղելիության գաղափարը.  երբ երկու մարդ փնտրում են իրար եւ չեն կարողանում գտնել, հանդիպում են երազներում միայն, եւ չգտնելով իրար` հուսահատվում: Իմ տարբերակում կինը եւ տղամարդը փնտրում են իրար եւ չեն կարողանում գտնել, չնայած որ ապրում են միասին, ինչի մասին կինն իմանում է վերջում:

Կարծում եմ` մեզ երիտասարդներիս համար, շատ անհրաժշետ մեսիջ կա սրանում, որ գուցե մենք չենք փորձում տեսնել մեր կողքին գտնվող մարդկանց, ինչպես նրանք արժանի են, եւ գուցե հենց նա է այն միակը, բայց մենք չենք տեսնում, փոխարենը փակում ենք աչքերը եւ սպասում երազին` կորցնելով երազային իրականությունը իրականում վայելելու հնարավորությունը:

 

Խոսենք Ձեր խաղընկերոջ մասին։ Ինչպե՞ս հասկացաք, որ գլխավոր հերոսին Ավո Խալաթյանը պետք է մարմնավորի, ինչու՞ ընտրեցիք նրան:

Ես փնտրտուքների մեջ էի, երբ իմ ընկերները պատահաբար առաջարկեցին Ավոյին: Մի պահ դադարից հետո, երբ ես նրան կանգնեցրեցի իմ երեւակայության բեմում, հասկացա, որ գտել եմ: Այնուհետ հանդիպեցինք, պատմեցի` ինչ եմ ուզոմ անել, ինչպես եմ պատկերացնում, եւ նա, առանց ստեղծագործությունը կարդալու, անմիջապես համաձայնվեց: Երջանիկ եմ, որ աշխատում են նման պատասխանատու եւ իր գործին նվիրված մարդու հետ:

Իսկ ի՞նչ կասեք Ձեր խաղի մասին։ Հե՞շտ է լինել ներկայացման ե'ւ բեմադրիչ, ե'ւ գլխավոր դերակատար։

Իմ դեպքում դժվար չէ: Ես ամբողջ ներկայացումը նկարել էի ինձ համար, պատկերել միզանսցենները:

Ի՞նչ սպասելիքներ կան ներկայացման հետ կապված։ Ինչպե՞ս եք տեսնում դրա հետագա ուղին։

Մենք շատ ազնվորեն ենք աշխատել, ոչ մի ջանք չենք խնայել: Միակ նպատակս է, որ բեմադրությունը մարդկանց սրտերում եւ հոգիներում գտնի իր փոքրիկ տեղը: Ես չեմ հավատում, որ իմ երեւանցին սկեսուրի եւ չոքանչի մակարդակի ներկայացումների կարիք ունի: Մարդիկ միշտ փնտրել են բարձր արժեքներ եւ գտել են: Այս ներկայացումն իմ սերն է իմ երեւանցիներին, եւ երջանիկ կլինեմ, եթե այն պետք լինի նրանց: 

Զրուցեց` Շուշան Շատիկյանը

«Երազումս մի երիտասարդ եմ տեսնում։ Անվերջ կրկնում է՝ «Երկնագույն շան աչքերը»։ Գուցե ճանաչո՞ւմ եք»...



© NEWS.am STYLE