Հայտնի պրոդյուսեր Շուգ Նայթը ինքնակամ ներկայացել է ոստիկանություն

18:17   31 հունվարի, 2015

Երեկ տեղեկացրել ենք, որ Քալիֆորնիայում սպանության համար հետախուզվում է հայտնի պրոդյուսեր Շուգ Նայթը։ Պարզվում է, որ մի քանի ժամ անց Նայթն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն։ BBC-ին հայտնել է, որ ավելի ուշ նրան ազատ են արձակել 20 միլիոն դոլար գրավի դիմաց։

Միջադեպը տեղի է  ունեցել Լոս Անջելեսում NWA Straight Outta Compton խմբի մասին ֆիլմի  պրոմո-վիդեոյի նկարահանման ընթացքում։ Սկզբում վիճաբանություն է ծագել Նայթի եւ Թերի Քարթերի միջեւ, իսկ հետո նրանց է միացել նաեւ մեկ ուրիշ տղամարդ, ում անունը հայտնի չէ։ Վիճաբանությունը շարունակվել է մոտ 20 րոպե։ Այնուհետեւ Նայթը նստել է իր մեքենան եւ ըստ ոստիկանության վարկածի՝ հասել է Քարթերի եւ նրա ուղեկցի մեքենային եւ հարվածել նրանց։ Իսկ ամենավերջում հեռացել է դեպքի վայրից ու թաքնվել։ Արդյունքում 55-ամյա Քարթերը մահացել է, իսկ մյուս տղամարդը ծանր վիճակում է։

Նշենք, որ Մարիոն Նայթը Death Row Records-ի հիմնադիրն է։ Նա  համագործակցել է Snoop Dogg-ի եւ 2Pac-ի հետ։ Նայթն առաջին անգամը չէ, որ հայտնվել է ոստիկանների ուշադրության կենտրոնում. նրան մի քանի անգամ մեղադրել են ապօրինի զենք կրելու եւ թմրանյութերի պահելու մեջ։ Ի դեպ, Նայթին անգամ կասկածել են ռեփեր Notorious B.I.G-ի սպանության մեջ, սակայն ոստիկանությունը ոչ մի ապացույց չի կարողացել գտնել նրա դեմ։



© NEWS.am STYLE