«Եվրատեսիլ-2015». Ավստրալիա՝ նոր մասնակից. Հայաստանի ներկայացուցիչը հայտնի կդառնա այսօր

11:01   11 փետրվարի, 2015

Հայաստանի  «Եվրատեսիլ-2015»-ի ներկայացուցչի անունը հայտնի կդառնա այսօր։ Հայաստանի ներկայացուցիչը ելույթ կունենամայիսի 19-ին առաջին կիսաեզրափակչում՝ մրցելով Հունաստանի, Մակեդոնիայի, Էստոնիայի, Հոլանդիայի, Մոլդովայի, Ֆինլանդիայի, Բելգիայի, Սերբիայի, Դանիայի, Ռումինիայի, Ռուսաստանի, Ալբանիայի, Բելառուսի, Վրաստանի եւ Հունգարիայի մասնակիցների հետ։ Եզրափակիչը տեղի կունենա մայիսի 23-ին:

Նշենք, որ Ավստրալիան նույնպես մասնակցելու է «Եվրատեսիլ-2015»-ին, որն այս տարի անցկացվելու է Վիեննայում։

Մրցույթի կազմակերպիչները տեղեկացրել են, որ նման յուրօրինակ քայլի դիմել են այն պատճառով, որ այս տարի կայանալու է «Եվրատեսիլ»-ի 60-րդ հոբելյանական մրցույթը եւ ցանկություն է առաջացել մի նոր շունչ հաղորդել դրան։

«Այս քայլով մենք ցանկանում ենք աշխարհին ասել՝ եկեք միասին տոնենք Եվրատեսիլի հոբելյանը»,-հայտարարել է մրցույթի պրոդյուսեր Իոն Օլա Սանդը։

Այս որոշման դրդապատճառներից մեկն էլ այն հանգամանքն է, որ Ավստրալիայի բնակչությունը մեծապես հետաքրքրված է «Եվրատեսիլ»-ով, որն արդեն 30 տարի է հեռարձակվում է այստեղ եւ երկրպագուների մեծ բանակ ունի։

Ավստրալիան դեռ չի որոշել, թե ով է ներկայացնելու երկիրը, բայց նշենք, որ մասնակիցը միանգամից ելույթ է ունենալու եզրափակչում։ Սակայն նույնիսկ եթե Ավստրալիան հաղթի, միեւնույնն է, «Եվրատեսիլ 2016»-ն այնտեղ չի անցկացվի։ Այս դեպքում կազմակերպիչները կընտրեն եվրոպական մի երկիր։

 

 

Աղբյուրը՝  Eurovision.tv 



© NEWS.am STYLE