Ի հեճուկս գլամուրային դեմքերի. սեւամորթ տղայի միօրինակ նկարները նվաճել են Instagram-ը

14:21   25 փետրվարի, 2015

Instagram-ը աշխարհի ամենահայտնի սոցցանցերից է: Այստեղ գրանցված են համաշխարհային բոլոր աստղերը, նորաձեւության տներն ու դեմքերը, ոճաբանները, մոդելները եւ պարզապես մարդիկ, ովքեր սիրում են կիսվել իրենց լուսանկարներով:

Երբեմն Instagram-ի միջոցով բոլորովին անհայտ մարդիկ կարող են մեկ օրում հայտնի դառնալ՝ ձեռք բերելով հազարավոր հետեւորդներ: Սովորաբար նման արդյունքի են հասնում գլամուրային աղջիկներն ու տղաները, ովքեր հրապարակում են իրենց ոչ պակաս գլամուրային կյանքի լուսանկարները: Այդպես էր որոշ ժամանակ առաջ, բայց ամեն ինչ փոխվեց 2013 թվականից, երբ  Instagram-ում հայտնվեց Mrpimpgoodgame անունով օգտատերը:

Սեւամորթ այս տղայի ֆենոմենը նրա զվարճալի սելֆիներն են, որոնք իրարից բացարձակ չեն տարբերվում: Մշտապես դեմքի միեւնույն արտահատությամբ լուսանկարվող տղան իրեն համարում է սելֆի շարժման առաջնորդ:

Եվ մինչ ոսկե երիտասարդությունը շքեղ մեքենաների, թանկարժեք հագուկապի, էլիտար ապրելակերպի լուսանկարներով փորձում է ուշադրություն գրավել, սեւամորթ այս տղան իր զվարճալի եւ միօրինակ նկարներով արդեն 200 հազարից ավելի հետեւորդ ունի:



© NEWS.am STYLE