Պասային ուտեստներ՝ տատիկիս բաղադրատոմսերով

19:12   27 փետրվարի, 2015

Հայրական կողմից տատիկս ծնունդով Վանից կամ Մալաթիայից էր։ Հստակ չէ, քանի որ նրա կյանքի տարբեր տարիներին հակասական տարբերակներ են եղել. ի դեպ, նույնը կարելի է ասել նաեւ նրա հասակի մասին։ Անկեղծ ասած՝ այդ տատիկիս այնքան էլ շատ չեմ սիրել, եւ մեր «սերը» փոխադարձ էր, սակայն նա բավականին յուրօրինակ ուտեստներ էր պատրաստում, որոնց մասին այսօր շատ քչերն են հիշում։ Հենց այդ պատճառով ես որոշեցի ձեր ուշադրությանը ներկայացնել մի քանի բաղադրատոմս, որոնք կարող եք պատրաստել՝ հատկապես պահքի շրջանում։

Առաջին կերակուրը կոչվում է «մանր յափրաղ»։ Տատիկիս պատմում էր, որ իր ժամանակ այս ուտեստը մեծամասամբ պատրաստում էին շրջաններում, եւ դրա համար մեծ ջանքեր են հարկավոր։ Այն պատրաստելու համար ձեզ անհրաժեշտ է թան, բլղուր (կամ կորկոտ, ինչպես ասում էր տատիկս), խաղողի թուփ եւ մեծ քանակությամբ սոխ։ Առաջին հերթին պետք է բլղուրը ամբողջ գիշեր թողնել ջրի մեջ։ Առավոտյան հարկավոր է բլղուրը փաթաթել խաղողի թփի մեջ, բայց ոչ տոլմայի նման (պետք է շատ փոքր ստացվեն՝ սովորական տոլմայի մեկ-քառորդի չափով)։ Դրանից հետո պետք է փաթաթված բլղուրի մակերեսին լցնել թանն ու մոտ մեկ ժամ եփել մարմանդ կրակի վրա։ Մատուցելիս ուտեստի վրա պետք է տապակած սոխ լցնել։ Ճիշտ է, բավականին տարօրինակ է հնչում, բայց արդյունքում շատ համեղ ու հագեցնող կերակուր է ստացվում։

Երկրորդ ուտեստը կոչվում է «քալա-գյոզ»։ Անկեղծ ասած՝ վստահ չեմ, որ ճիշտ եմ գրել կերակրի անվանումը, ուստի խիստ չդատեք։ Պատրաստման համար անհրաժեշտ է խաշած ոսպ, լավաշ, սոխ, լոլիկի մածուկ, մածուն եւ սխտոր։ Լավաշը հարկավոր է դնել ափսեի մակերեսին եւ լցնել խաշած ոսպը։ Այնուհետեւ հարկավոր է լցնել բուսական յուղով եւ լոլիկի մածուկով տապակած սոխը։ Իսկ վերջում պետք է լցնել սխտոր-մածունը եւ աղը՝ ըստ ճաշակի։ Կերակուրն ավելի համեղ է, եթե մատուցում եք սառը վիճակում։ Ի դեպ, այն պարտադիր պետք է ուտել ձեռքերով։ Շատերն այս բաղադրատոմսում ներառում են նաեւ ընկույզ, իսկ սխտորի եւ մածունի փոխարեն թան են օգատգործում, բայց ինձ համար տատիկիս տարբերակը շատ ավելի համեղ է։

 Եվ վերջին կերակուրը՝ ոսպով ապուր, սակայն այս անգամ արդեն իմ բաղադրատոմսով. տատիկը կապ չունի։ Պատրաստման եղանակը. ոսպը հարկավոր է եփել ջրի կամ հավի արգանակի մեջ։ Առանձին թավայի մեջ անհրաժեշտ է բուսական յուղով տապակել սոխն ու սխտորը (1-2 պճեղ)՝ համեմելով ուրցի, կարրի, հիլի, համեմի սերմերով, ինչպես նաեւ մեկ պտղունց դարչինով։ Իսկ եթե ցանկանում եք, որ կերակուրն ավելի կծու ստացվի, կարող եք չիլի պղպեղ ավելացնել։ Տապակած եւ համեմված սոխն ադեն կարելի է լցնել ոսպի մեջ։ իսկ վերջում ստացված զանգվածը հարկավոր է բլենդերով խառնել։ Եթե շատ թանձր ստացվի, ապա կարող եք մի քիչ ջուր կամ արգանակ ավելացնել։ Մատուցելիս նախընտրելի է թարմ համեմել շաղ տալ։ Շատ համեղ եւ ցածր կալորիականություն ունեցող ուտեստ։

Բարի ախորժակ

 

Յուլիա Վարդանյան 



© NEWS.am STYLE