Կայացավ Արա Երնջակյանի «Ժաննա» գեղարվեստական ֆիլմի պրեմիերան (ֆոտո)

21:50   26 փետրվարի, 2015

Փետրվարի 26-ին «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ «Ժաննա» գեղարվեստական ֆիլմի պրեմիերան, որի սցենարի հեղինակ եւ ռեժիսորն է Արա Երնջակյանը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ռեժիսորը նշեց, որ  «Ժաննա»-ն հայ կինոմատոգրաֆի ամենաշովինիստական կատագերկությունն է, ուր բացեիբաց խոսվում է հայի բարոյական կերպարի մասին, որն ավելի բարձր է, քան եվրոպական նորածին շատ  ազգերի արժեհամակարգը:

«Ֆիլմը ֆրանսիական հայտնի «Ժաննա դ'Արկը»-ի պատմության հիման վրա նկարահանած ֆիլմ է, որն ամբողջությամբ հայականացվել է: Բոլորս էլ տեղյակ ենք այդ պատմությանը. Ժաննան 600 տարի առաջ ազատագրեց Ֆրանսիայի Օռլեան քաղաքը անգլիացիներից: Բայց ֆիլմը ավելի շատ հայ տղամարդու յուրահատուկ գովազդ է, որը, ցավոք, դինոզավրների պես աստիճանաբար վերանում է: Իսկ դա սպառնալիք է ոչ միայն Հայաստանի, այլեւ ողջ աշխարհի համար: Սա հայկական կինոյում առաջին շովինիստական ֆիլմն է»,- ասաց Երնջակյանն՝ ավելացնելով. «Թե՛ դերասանական, թե՛ ստեղծագործական կազմում ընդգրկված են «Կամերային» թատրոնի դերասանները»:

Ֆիլմի գլխավոր դերերերում հանդես են եկել Անի Լուպեն, Ռաֆայել Երանոսյանը, Անդրանիկ Հարությունյանը եւ Մխիթար Ավետիսյանը: Մյուս դերերը մարմնավորում են Լուիզա Ներսիսյանը, Արսեն Գրիգորյանը, Սենիկ Բարսեղյանը, Իրինա Դանիելյանը, Սերգեյ Դանիելյանը, Մանուկ Գասպարյանը եւ այլք:

«Ժաննա» ֆիլմի օպերատորը Հակոբ Կարաֆիլյանն է, նկարիչը՝ Ռաֆայել Խաչատրյանը: Նոր գեղարվեստական ֆիլմի երաժշտությունը գրել է Վահե Գրիգորյանը:



© NEWS.am STYLE